«Ոչ մեկը Սյունիք չի մտել, և Սյունիքից ոչ մի բան չի տրվել». Փաշինյանը՝ հակադարձեց Սառնակունք գյուղի բնակչին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես տեղեկացրել էր, առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ: Սյունիքի ճանապարհից վարչապետն ուղիղ հեռարձակմամբ հավաստիացրել է, որ իր այցի նպատակը ոչ թե կրքեր բորբոքելն է, այլ հակառակը՝ սյունեցիների աչքերին ուղիղ նայելը, նրանց հարցերին պատասխանելը։
Անկախ հավաստիացումներից՝ վարչապետի Սյունիք այցելությանն ընդառաջ, կրքեր բորբոքվեցին. Սյունիքում ինչ-որ քրեական գործի շրջանակներում բերման ենթարկեցին Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշան Առուշանյանին:
Հիշեցնենք՝ քաղաքապետը ժամեր առաջ հանդես էր եկել կոչով, որով հորդորում էր գորիսեցիներին միանալ ավտոերթին, որը նպատակ ուներ խոչընդոտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ։
Նկատենք՝ առավոտից սյունեցիները փակել են Գորիս-Տաթև ճանապարհը՝ արգելելու Նիկոլ Փաշինյանի մուտքը։
Վարչապետի առաջին կանգառը եղավ Սառնակունք գյուղը, որտեղ գյուղացիներից մեկի հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտնի եռակողմ համաձայնագրին, դրա պատճառներին:
«Ես հիշում եմ, որ Դուք ասել եք, որ պետք է ժողովրդի համաձայնությամբ և այլն… Դուք նեղ վիճակում եք եղել-ստորագրել եք, որ մարդ փրկեք. էն մնացածին էլ ինչ-որ վնասներ չլինի, բա 40 քանի օր պատերազմը գնում է, պարո՛ն Փաշինյան, Ձեզ չեն տեղեկացնո՞ւմ, որ ախր եկել-հասել են արդեն էստեղ, բա մի հատ չխոսե՞նք-նոր հասկանանք՝ ինչ անենք:
Բանից դուրս է գալիս, որ մեր էսքան մեծ սերունդ էնքան ա, որ գնաց մեռա՞վ անիմաստ տեղը»,- վարչապետին դիմեց տղամարդկանցից մեկը:
Ի պատասխան՝ վարչապետն ասաց. «Էդ տղաները նախ Արցախի ժողովրդին փրկել են Ցեղասպանությունից. սա ամենակարևոր արձանագրումն է, երկրորդն էլ՝ նախկինում արդեն մի քանի անգամ այդ թեմաներով խոսել եմ, և ասել եմ, որ իրադրությունը զարգանում էր այնպես, որ այդ պահին դա չանելը կնշանակեր՝ տասնյակ-հազարավոր զինվորների կյանքը դնել կասկածի տակ, և այդ որոշումը կայացվել է, և այդ պահին այլ տարբերակ լինել չէր կարող: Հետագա որոշումներն էլի կայացվում են մի բանի համար, որ Հայաստանի շուրջ հաստատվի կայունություն, և պրոցեսներն անվերահսկելի ընթացք չունենան:
Մնացած հարցերով՝ ես ճանապարհային քարտեզ եմ հրապարակել, որ մենք հերթով… պետք է աշխատանքային միջավայր լինի, և այդ բոլոր հարցերին կարողանանք հերթով անդրադառնալ, և հերթով այդ բոլոր հարցերը տեսնենք՝ ոնց ենք լուծում»:
Տղամարդու դիտարկմանը, թե Արավուս գյուղում կոչ են անում, որ թուրքերը գալիս-մտնում են Սյունիք, թե գյուղացիներն են թուրքերի շարժը կանգնեցրել, որ թուրքերը չմտնեն իրենց գյուղ, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Ոչ մեկը Սյունիք չի մտել»:
Սառնակունքցին արձագանքեց. «Չեն մտել մարդկանց շնորհիվ, ոչ թե մեր»:
«Ոչ մեկը Սյունիք չի մտել, եկեք սկսենք, հասկանում եք, ասում են՝ էս են տվել, էն են տվել: Ոչ մեկը Սյունիք չի մտել, և Սյունիքից ոչ մի բան չի տրվել, եկեք արձանագրեք սա»:
Հարցադրմանն էլ, թե 100 հոգի գերի է ընկել պայմանագրի ստորագրումից հետո՝ «բա մենք դուխով պետություն ենք՝ չե՞նք կարողանում ասել՝ ախր ստորագրությունը տվել ենք, հլը պատասխան տվեք դրա համար», վարչապետը պատասխանեց.
«Ասում ենք և աշխատում ենք, բայց էլի եմ ասում՝ այդ ամեն ինչը պետք է արվի այնպես, որ այդ մարդկանց ճակատագրի վրա նեգատիվ ազդեցություն չունենա: Իմ առաջարկն այն է, որ հավելյալ կրքեր պետք չի բորբոքել. առանց այն էլ՝ վիճակը բարդ է:
Եվ եթե ասվում է, որ այ այս գործողություններն են, Սյունիքը տրվում է, Սյունիքը տալիս են… այս ամեն ինչը արվում է, որ Սյունիքի անվտանգությունն ապահովվի, և Սյունիքի անվտանգության համար հավելյալ երաշխիքներ ստեղծել, և բոլոր գործողություններն ուղղված են դրան: Ինչ վերաբերում է սահմաններին՝ այո՛ , կան սահմանների որոշակի կետեր. դա դեռ չի նշանակում, որ սահմանները դելիմիտիացիա եղավ, դեմարկացիա եղավ, բայց կան սահմանային որոշակի կետեր, և այդ կետերի շուրջ տեղի է ունենում որոշակի… մեր սահմանապահներն են տեղակայվում, նաև որպես հավելյալ երաշխիք՝ ռուսական սահմանապահ զորքերի ուժերն են տեղակայվում, և այլն…
Հիմա մեր խնդիրը հետևյալն է, ասենք՝ իրավիճակը առանց այն էլ բարդ է, բայց այդ բարդ իրավիճակը չներկայացնենք կրկնակի, եռակի, քառակի անգամ ավելի բարդ, քան իրականությունը կա, և իմ խնդրանքը ձեզ նաև դա է՝ շատ հարցեր կան, որոնց մենք պետք է պատասխանենք, և խնդրում եմ՝ հնարավորություն տալ էդ հարցերին հերթով պատասխանենք, հերթով անդրադառնանաք և հերթով լուծենք այս հարցերը»: