«Աթոռ պահելու համար «իշխանությունը ժողովրդինն» է, առուծախի ժամանակ ժողովրդի կարծիքը հարցնող չկա». սյունեցի
Սյունեցիները փակել են Գորիս-Երևան ճանապարհը: Պահանջում են անվտանգության երաշխիքներ Սյունիքի համար: 168.am-ն արդեն գրել էր, որ երեկ Սյունիքի սահմանապահները նահանջի հրաման էին ստացել: Մինչև այսօր ժամը 17:00-ն նրանք պետք է հետ գան ԽՍՀՄ ժամանակ գծված սահմաններին: Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը երեկ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր, որ Ադրբեջանի վերահսկողության տակ են գտնվելու այն դիրքերը, որոնք ապահովում են Կապանի և հարակից 13 գյուղերի անվտանգությունը։ Այսօրվա ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում հիշեցրեց նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության առաջին կետը, ըստ որի՝ զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ եղել են ստորագրման պահին:
«Այստեղ դաշտը մնում է բաց մեր՝ Հայաստանի դիվանագետների համար, թե ի՞նչ ձև պետք է մարտավարություն մշակեն, որ հետ նահանջ չանենք: Մենք համոզվեցինք, որ չունենք դիվանագիտություն: Եթե պետությունները սկսում են պատերազմել, դա արդյունք է դիվանագիտության պարտության, մենք պարտվեցինք արտաքին ճակատում, դիվանագիտական դաշտում: Մենք պարտվեցինք այս պատերազմում, բայց զինվորը չպարտվեց, բանակը չպարտվեց, նորից պարտվեց թիկունքը, սխալ դիվանագիտության և սխալ կառավարման արդյունքում: Այդ արդյունքի պատճառով այսօր մենք կանգնել ենք փաստի առաջ»,- ասաց սյունեցին:
Նրա պնդմամբ՝ ադրբեջանցիների ներկայացրած քարտեզները, որոնցով այսօր գծվում է Հայաստան-Ադրբեջան սահմանը, իրականությանը չեն համապատասխանում:
«88-ից ի վեր մեր սահմանները գծված էր, արյան գնով էր գծված, որն այսօր մի գրչի հարվածով տալիս են մեր թշնամի թուրք-ազերիներին: Ես հաստատ համոզված եմ, որ եթե ներկայիս իշխանությունում, կառավարությունում լիներ մեկ հոգի, որ 88 թվից մինչև առ այսօր սահմանին կորցրած լիներ մեկ հոգի, մեկ սրբություն, մեկ հարազատ, ինքը էս պահին իշխանությունից հրաժարական կտար ու կպահանջեր ներկայիս անճար, իմպոտենտ իշխանության հրաժարականը, որովհետև ազգովի մատնվել ենք անտերության: Եթե ուզում են իրական սահմանների տեղն իմանան, թող գան, ստեղ մարդիկ գիտեն իրական սահմանները: 87 թ․ մենք քարտեզագրում ենք արել, 87 թ․ քարտեզից մի ահագին քառակուսի կմ անցնում է թուրքին»,- ասաց սյունեցին:
Քաղաքացին վստահեցրեց, որ իրենց հաճելի չէ դրսում կանգնելը, փողոց փակելը, սակայն այլ կերպ իշխանությունն իրենց ձայնը չի լսում:
«Մեր ձայնը կարծես թե խուլ է վերևներում: Եթե մեր ձայնը լսող չկա, ինքներս պետք է մեր հարցը լուծենք: Այստեղ բոլորը պատրաստ են զենք վերցնելու, թող ապահովեն զինտեխնիկայով: Մենք հարցերը կլուծենք»,- ասաց նա:
Սյունեցուն բարկացնում է այն փաստը, որ Հայաստանի Հանրապետության սահմանները գծվում են առանց հայերի մասնակցության:
«Էսօր ադրբեջանցին գալիս ա ռուսի հետ սահման ա գծում, ո՞ւր են մեր պետական կառավարման աշխատողները: Ես լիազորված չեմ գնալ, ներկայացնել իմ պետության շահերը, ես արհամարհված եմ կառավարության կողմից, մեր պետական պաշտոնյան պետք է լինի և՛ ռուս խաղաղապահի, և՛ թուրքի կողքին: Հասկացանք՝ փաստի առաջ ենք կանգնել, բայց մի՞թե հնարավոր է առանց մի կրակոցի այդ հողերը հանձնել: Մենք այլևս չենք ուզում զոհեր, բնական է, զինադադար, հրադադար է, բայց ևս մի անգամ համոզվեցինք, որ թուրքն այդ լեզուն չի հասկանում, երբ խոսում է խաղաղությունից, մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի, վկան է Հին Թաղերը, Հին Շենը, զոհերը, գերիները»,- ասաց քաղաքացին:
Նա նաև նեղսրտեց, որ ադրբեջանցիներն ամենաբարձր մակարդակներում վիրավորում են մեր երկրի ղեկավարին, իսկ հակադարձում չկա:
«Էսքանից հետո էդ իշխանության մնալն արժեք ունի՞, իհարկե չունի, օր առաջ սրանք պետք է հրաժարվեն, դատ ու դատաստան պետք է տեսնենք օրենքի և սահմանադրության կետերի համապատասխան: Կոչ եմ անում դատախազությանն ու ԱԱԾ-ին, թող զբաղվեն էս խնդրով, երկրի դավաճանին իրա կաբինետում պետք է ձերբակալեն: Սա՛ է ժողովրդավար պետության կանոնը: Եթե երկրի ղեկավարը գրագետ, խելոք, հայրենանվեր, ճիշտ դաստիարակված մարդ ա, ինքը հայրենասիրություն ա քարոզում իրա երկրի ներսում, իսկ եթե երկրի ղեկավարը ի ծնե ծախու լրագրող կամ աբիժնիկ ա, բնական ա, որ պետք ա պառակտի ազգը, սկսած առաջին օրվանից՝ սև ու սպիտակի բաժանելով»,- ասաց սյունեցին և պնդեց, որ մենք չպետք է բաժանվենք, քանի որ բոլորս էլ հայ ենք:
Սյունեցին դիմեց նաև իրենց մարզից ընտրված պատգամավորներին, կոչ արեց գալ ու տեղում լսել իրենց:
«Աթոռ պահելու համար «իշխանությունը ժողովրդինն է», առուծախի ժամանակ ժողովրդի կարծիքը հարցնող չկա»,- ասաց սյունեցին և ավելացրեց, որ այս հարցը պետք է դրվեր հանրաքվեի: