«Պարոնայք սպաներ, շարքայիններ, դուք այսօր ծառայում եք ազգադավ իշխանություններին». Սայաթ Շիրինյան

«Այսօր մեր հայրենիքը վտանգված է, չկա՛ իշխանություն»,- ընդդիմության կազմակերպած Արժանապատվության երթի ավարտին՝ Ֆրանսիայի հրապարակում, հայտարարեց ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը:

Նա ընդգծեց, որ այս օրերին հայրենիքի մի թիզ հողի համար հաճախ սովորական քաղաքացին է կռիվ տալիս, այն դեպքում, երբ պետք է իշխանությունը դրանով զբաղվեր:

«Ո՞ւր է իշխանությունը, որտե՞ղ են, անգամ այս պարագայում նորից ունենք գերեվարվածներ, բայց՝ քար լռություն… Սիրելի հայրենակիցներ, արժանապատիվ հայեր, մենք իրավունք չունենք անմասն մնալու, որովհետև մենք կորցնում ենք պետություն, պետականություն, մենք կորցնում ենք մեր երկիրը, և յուրաքանչյուր քաղաքացի, ով ունի ինքնասիրություն, արժանապատվություն, անպայման պետք է լինի մեր կողքին: Մենք ունենք մի ստահակ՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, որը պատրաստ է բախումների տանել, նորից պետք է ասեմ, ի պատիվ այս շարժումը ղեկավարողների, որ նրանք խոհեմորեն առաջնորդում են՝ խուսափելու այդ բախումներից, բայց դա չի նշանակում, որ մենք վախենում ենք, ո՛չ, բախում են ուզում՝ կստանան բախում»,- հայտարարեց Սայաթ Շիրինյանը:

Նա կոչով դիմեց նաև ոստիկանության համակարգի աշխատակիցներին.

«Պարոնայք սպանե՛ր, շարքայիններ, դուք ունեք ապիկար և ապաշնորհ ղեկավարություն, դուք այսօր ծառայում եք ազգադավ իշխանությանը…»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս