«Այդ ի՞նչն է Թուրքիան պատրաստ կիսել Հայաստանի հետ. իշխանություննե՛ր, խոսե՛ք, պատասխանե՛ք». Արման Աբովյան

Դեկտեմբերի 14-ին Երևանի «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք կատարեց 44 հայ գերիներին տեղափոխող ռուսական օդանավը և Հայաստան վերադարձվեցին 4 զինծառայող՝ գերեվարված մինչև 27.09.20թ., 1 քաղաքացիական անձ՝ գերեվարված մինչև 27.09.20թ, 26 զինծառայող՝ գերեվարված 27.09.20թ.-ից հետո, 13  քաղաքացիական անձ՝ գերեվարված 27.09.20թ.-ից հետո. նշենք, որ ավելի վաղ էլ հայտնել էինք, որ Երևանը և Բաքուն սկսել են գերիների և պատանդների փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, իսկ գործընթացն ընթանում է ռուս խաղաղապահների մասնակցությամբ:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը նշեց, որ հայկական կողմի գերիներին Հայաստան վերադարձնելու խնդրով զբաղվել է առաջինը Ռուսաստանի Դաշնությունը, իհարկե, Հայաստանից ակտիվ աշխատել և աշխատում են Մարդու իրավունքների պաշտպանն ու այլ իրավապաշտպաններ, իսկ ՀՀ իշխանությունը՝ հանձին Փաշինյանի, խաղացել և խաղում է երկրորդական դեր, որի ֆոնին էլ ականատես ենք լինում Ադրբեջանի նախագահի լկտի պահվածքին։

Հարցին՝ երբ Ալիևն իրեն այդքան սանձարձակ է պահում անգամ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների ներկայությամբ և Փաշինյանին անվանում մարդ, որն իր կյանքում «մի կոլխոզ չի ղեկավարել», այդ դեպքում ո՞վ է երաշխավորելու գերիների մյուս մասի վերադարձի, անհետ կորածների հայտնաբերման հետ կապված հարցերի լուծումը՝ Արման Աբովյանը մատնացույց արեց դարձյալ ռուսական կողմին՝ որպես երաշխավոր, ապա հավելեց, որ Փաշինյանի ղեկավարած իշխանությունն ի վիճակի չէ որևէ հարցով բանակցել, քանի որ Փաշինյանի ապաշնորհ կառավարման հետևանքով ունենք Հայաստանի սուբեկտայնության խայտառակ մակարդակի կորուստ։

«Օրինակ, որևէ մեկը գոնե պատերազմի ավարտից մեկ ամիս անց լսե՞լ է արդյոք Հայաստանի Հանրապետության ղեկավարի կողմից, որ գեթ մեկ անգամ ասվի, որ Արցախի տարածքները օկուպացվել է թուրք-ադբեջանական-տեռորիստական տանդեմի կողմից։ Չե՛ք լսել ու չե՛ք էլ լսի, որովհետև ասելու ունակ չէ, որովհետև Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Հայաստանին սպառնացող վտանգ չի տեսնում։ Ալիևի հեգնանքը նվազագույն վտանգն է մեզ համար, որովհետև այսօր Հայաստանի սուվերեն տարածքում հայտնվում են ադբեջանցիներ ու պահանջում հայկական կողմին հետ քաշվել, սահմաններին կանոնավոր բանակ կանգնած չէ, որովհետև առհասարակ իշխանությունը տոտալ չի վերահսկում երկրում իրավիճակը»,- ասաց Աբովյանը՝ ահազանգելով, որ այս իշխանության պահվածքը հղի է արդեն Հայաստանի անվտանգությանը սպառնացող լրջագույն վտանգներով, որը «մեր գլխին կախված է Թուրքիայի կողմից»։

Հարցին՝ երբ օրեր առաջ մասնակցում էր Անվտանգության խորհրդի նիստին՝ արդյոք փորձե՞լ է այդ մասին բարձրաձայնել նիստի ընթացքում, Փաշինյանին հարց ուղղել՝ նա Թուրքիայից Հայաստանին սպառացող վտանգ հիմա տեսնո՞ւմ է, թե՞ ոչ, կամ՝ արդյո՞ք իշխանությունը քննարկում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատելու մասին հարցը, Արման Աբովյանը պատասխանեց.

«Անվտանգության խորհրդի նիստին մասնակցելուց հետո պնդում եմ՝ Փաշինյանը որքան հնարավոր է շուտ պետք է հեռանա, նա ունակ չէ իրավիճակը ճիշտ գնահատել։ Նիստից որևէ բան ասել չեմ կարող, բայց այն մարդիկ, որոնք այսօր խոսում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատելու մասին, կա՛մ տգետ են, կա՛մ դավաճան։ Ես վախենում եմ, որ Թուրքիան առաջինը քայլ անի, ասի՝ եկեք, բացենք սահմանները։ Մտավախություն ունեմ, որ Թուրքիայի հետ սահմանները բացելու հետ կապված քողարկված խոսակցություններ են գնում»,- ասաց Աբովյանը՝ ընդգծելով, որ Թուրքիան սահմանները բացելու համար Հայաստանի առաջ դնելու է պայմաններ, որոնցից մեկով պահանջելու է չճանաչել Հայոց ցեղասպանությունը։

«Պայմանների մասին խոսեց օրերս նաև Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն, երբ ասաց՝ մենք կողմ ենք Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելուն, մենք չենք գնում Հայաստանի հետ խնդիրների գեներացմանը։ Ուշադրություն դարձրեք Չավուշօղլիի ասած 3-րդ կետին՝ մենք կողմնակից ենք Հայաստանի հետ արդար կիսելուն. հարց եմ տալիս, այդ ի՞նչն է թուրքը մեզ հետ կիսելու, իշխանություննե՛ր, պատասխանեք»,- ասաց Աբովյանը։

Ըստ պատգամավորի՝ Թուրքիան դեռևս չի ստացել այն, ինչ ցանկանում էր ստանալ այս պատերազմից, իսկ նրա ցանկությունն է թուրքական զորքերի լեգիտիմ ներկայությունն Արցախի Հանրապետության այն տարածքներում, որոնք կանցնեն Ադրբեջանին։

«Թուրքիան գիտի՝ մինչև տարածաշրջանից դուրս չմղի Ռուսաստանին, չի կարող իր պանթուրքական պրոյեկտն իրականացնել։ Իսկ ինչ են անում այստեղ հայերը՝ այն մարդիկ, որոնք ցեխ են շպրտում ռուս խաղաղապահների վրա. նրանք թուրք զինվորին ձեռքից բռնած բերում են այս տարածաշրջան»,- ասաց Աբովյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս