Բաժիններ՝

«Թշնամու նպատակն այն է, որ բոլորիս քշի, տանի դեմ անի սարերին՝ այդպես Արցախն առանց պատերազմի հայաթափի». Բերդաշենի բնակիչ

Չնայած Բերդաշեն համայնքում, ի տարբերություն Հադրութի շրջանի շատ գյուղերի, վերջին օրերին իրավիճակը բավականին հանգիստ է, այդուհանդերձ բերդաշենցիները չեն կարող համակերպվել այն փաստի հետ, որ իրենց վարելահողերից ու այգիներից թշնամին 100-200 մետր հեռավորության վրա է դիրքավորվել։

168.am-ի հետ զրույցում Բերդաշեն համայնքի բնակիչ Կամո Աղաջանյանն ասաց, որ նոյեմբերի 25-ին, երբ թշնամին փորձել էր բերդաշենցիներին սպառնալիքներով  դուրս հանել գյուղի այգիներից, ահազանգ էր հնչեցրել, որից հետո ռուս խաղաղապահների միջամտությամբ թշնամին գյուղի այգիներից 200 մետր հեռու էր գնացել։

«Նոյեմբերի 25-ից հետո թշնամին մեր գյուղի ուղղությամբ որևէ սադրիչ գործողությունների չի դիմել։ Մեր գյուղի հատվածում Խորհրդային Միության տարիներից մեծ տռասա կա՝ մոստով, որն այսօր մեր ու ադրբեջանցիների սահմանն է։ Բայց այսպես մնալը սխալ է, դա փաստացի մեր գյուղի վարչական շրջանի մեջ է, թշնամին ի՞նչ գործ ունի այնտեղ, պետք է մի քանի կիլոմետր հետ գնա։  Մեր դիվանագիտությունը պետք է լավ աշխատի՝ հույսը չդնի GPS-ների վրա, դե, բնական է՝ թշնամուն ձեռնտու է՝ դրանով մեր սահմանները որոշի»,- ասաց Կամո Աղաջանյանը։

Նրա փոխանցմամբ, գյուղացիների մեծ մասը վերադարձել է գյուղ, գազ կա, բայց էլեկտրաէներգիան ժամանակ առ ժամանակ խափանվում է։

«Գյուղի դպրոցն ու մանկապարտեզն արդեն աշխատում են։ Գյուղից հարակից գյուղեր գնալն ու գալն այդքան էլ անվտանգ չէ, առաջվա նման չէ, կան որոշակի խնդիրներ՝ ճանապարհների հետ կապված։ Հիմա ես հստակ ասեմ, որ թշնամու նպատակն այն է, որ բոլորիս քշի, տանի դեմ անի սարերին, թողնի առանց հացի, ջրի, հոսանքի ու այդպես Արցախն առանց պատերազմի հայաթափի»,- եզրափակեց Կամո Աղաջանյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս