Երևանը պետք է որոշում կայացնի. Տարասով

«ԵԱՀԿ Մինսկի խմբի այցը տարածաշրջան անիմաստ էր և ավարտվեց ԵԱՀԿ ՄԽ-ի ապագայի համար մշուշոտ կանխատեսումների հնարավորություն թողնելով»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով համանախագահների վերջին այցին:

Նա նշեց, որ փաստորեն համանախագահներին ողջունեց միայն Երևանը, մնացած «կանգառներում» ԵԱՀԿ ՄԽ-ին այս փուլում չէին սպասում, ինչը, ըստ նրա՝ հասկանալի էր, քանի որ եռակողմ հայտարարությամբ դեռ շատ անելիքներ կան, իսկ ՄԽ-ն հասկանալի չէ, թե ինչ է ցանկանում քննարկել այս պահին, որն է օրակարգը և ընդհանրապես ինչու է ցանկանում մասնակցել պրոցեսին, որից նա անմասն մնաց: Նրա կարծիքով՝ համանախագահների խոսքերից ևս հասկանալի չէր՝ ինչ օրակարգով են նրանք, կար տպավորություն, որ փորձում են տեղում հասկանալ իրենց օրակարգը: Ինչը տապալված մոտեցում է:

Ուստի, ըստ Տարասովի, այն «պատասխանը», որը ստացան համանախագահները, բնական էր, սակայն այդ շրջանակում բանակցային հնարավորությունը լիովին փակ չէ, և հնարավոր է՝ ինչ-որ փուլում այդ հարցը քննարկվի, սակայն ելնելով անհրաժեշտությունից ու նպատակահարմարությունից, և ոչ՝ Արևմուտքի քմահաճույքից:

«Ներկայումս տարածաշրջանում նոր իրավիճակ է ստեղծվել՝ ՌԴ-ն, Թուրքիան ու Ադրբեջանը համագործակցում են, Իրանի ուղղությամբ է մեծ խաղ հասունանում, որի հարցում Իրանը հույսեր է կապում Ռուսաստանի հետ, Թուրքիայի և Արևմուտքի հարաբերություններում նոր լարում է սկսվում պատժամիջոցների պատճառով, Արևմուտքը չի կարողանում տեղավորվել ռեգիոնում, ՌԴ-Ղարաբաղ հարաբերություններն են սերտանում: Այստեղ նոր դեր է ստանում ռուս-թուրքական համագործակցությունը, որը լուրջ վերլուծությունների առարկա է դարձել, և դրան միացավ Ադրբեջանը, հիմա ՀՀ-ի որոշում կայացնելու ժամանակն է՝ պատմաքաղաքական խնդիրները հաղթահարելու ժամանակը, այլապես ՀՀ-ն մեծ այլընտրանքներ չունի, հատկապես, երբ Թուրքիան օրերս խոսեց վեց երկրների միջև համագործակցության հնարավորության մասին, ինչն այսօր անիրական ծրագիր է թվում, բայց վաղը կարող է այն նոր իրավիճակ ստեղծել տարածաշրջանում: Թուրքիան ու Ադրբեջանն իրականում դեռ նման հնարավորության համար նախապայմաններ չեն ստեղծում, իսկ դա պայմանավորված է այս երկրների ներքաղաքական և հասարակական տրամադրություններով: Այս փուլում ներքին ու տարածաշրջանային իրադարձություններն ակտիվ զարգանում են, և մեծ խաղը դեռ շարունակվում է»,- ասաց վերլուծաբանը:

Անդրադառնալով հրադադարի խախտումներին՝ Տարասովն ասաց, որ դրանք եղել են խնդրահարույց հատվածներում, որտեղ իրավիճակի տերն Ադրբեջանն է: Սակայն, նրա խոսքով նաև, հենց նման դեպքերի համար են խաղաղապահներն ու միջնորդությունը, բռնկումներ չեն լինելու, ամեն ինչ պարզ է: «Հայտարարությունն իրագործվում է, ու դա լավ է»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս