Բաժիններ՝

«Թշնամու հրապարակած նկարներում մեր տունը տեսել եմ, տպավորություն է, որ այնտեղ արդեն ապրում են… թուրքն իմ տանն է բնակվում, պատկերացնո՞ւմ եք». արցախցի

Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով իրենց գյուղն ու տունը լքած Ասկերանի շրջանի Սղնախ գյուղի բնակիչ Տաթև Սարգսյանի ընտանիքը ժամանակավոր բնակվում է Ծաղկաձորում: Վարձ վճարելու հետ կապված խնդիր չունեն, սակայն հարցն այն է, որ չեն կարողանում լուծել հագուստի, հիգիենայի հետ կապված հարցերը:

5 ամսական փոքրիկին, օրինակ, տակդիրներ չեն կարողանում գնել, չեն կարողանում ձեռք բերել կոշիկներ, ինչպես նաև տաք հագուստ:

«Ասկերանի շրջանի Սղնախ գյուղից ենք: Հոկտեմբերի 1-ին դուրս ենք եկել տնից, ոչինչ, անգամ երեխայի սայլակը հետս չվերցրեցի՝ մտածելով, որ ապրիլյան պատերազմի նման է լինելու, մի քանի օրից կվերադառնանք, սակայն, ցավոք, այդպես չեղավ: Այս պահին մեզ՝ ինձ ու տատիկին, անհրաժեշտ է տաք հագուստ, տակդիրներ՝ երեխայի համար: Թշնամու հրապարակած նկարներում մեր տունը տեսել եմ, տպավորություն է, որ այնտեղ արդեն ապրում են… թուրքն իմ տանն է բնակվում, պատկերացնո՞ւմ եք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց արցախցի Տաթևը:

Ամեն դեպքում նա հույսը չի կորցնում, վստահ է՝ վաղ թե ուշ արդարությունը վերականգնվելու է, իսկ մինչ այդ ուժերն են հավաքում՝ առաջիկայում Ստեփանակերտ տեղափոխվելու համար:

«Ամուսինս զինծառայող է, պետք է գնանք Ստեփանակերտ, բայց դեռևս չի ստացվում, կարծես թե այլևս անվճար ավտոբուսներ չեն տրամադրում, մեքենայով գնալու համար էլ մոտ 50.000 դրամ է անհրաժեշտ: Պետությունը վարձով բնակարանի դեպքում 1.5 տարվա համար կարծես թե վարձը վճարելու հարցում օգնում է: Վախ կա, բայց անպայման գնալու ենք՝ ապրենք այնտեղ»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Ընտանիքին օգնելու համար կարող եք կապ հաստատել այս հեռախոսահամարով՝  097 171812:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս