Բաժիններ՝

Վերականգնվել է Հայաստանից Արցախ հասնող էլեկտրականության օդային գիծը

Վերականգնված է Հայաստանի Հանրապետությունից Քաշաթաղի շրջանի տարածքով Արցախ մուտք գործող էլեկտրամատակարարման օդային գիծը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Արմեն Թովմասյանը՝ հավելելով, որ պատերազմի ընթացքում վնասված էլեկտրամատակարարման գծերի վերականգնման աշխատանքներ են նախատեսվում հանրապետության ողջ տարածքում:

«Հարկ է նշել, որ մինչև պատերազմը Արցախի էլեկտրաէներգետիկ ցանցը Հայաստանից սնվում էր երկշղթա: Երկրորդ գիծն անցնում էր Շահումյանի շրջանով: Ներկայումս ՀՀ-ից եկող էլեկտրամատակարարման միաշղթա գիծը միանում է Արցախի ընդհանուր ցանցին և մոտ 80 տոկոսով ապահովում է անհրաժեշտ էլեկտրաէնեգիայով: Պահանջվող ևս 20 տոկոս էլեկտրաէներգիայի ծավալն ապահովում են արցախյան ՀԷԿ-երը: Արցախի 36 ՀԷԿ-երից 30-ն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, ներկայումս էլեկտրամատակարարման ցանցին միացված են միայն 6-ը»,-մանրամասնեց Թովմասյանը:

Անդրադառնալով Մարտունու շրջանի կանոնավոր էլեկտրամատակարարման վերականգնմանը՝ նախարարը տեղեկացրեց, որ էլեկտրական օդային նախկին գծերը մնացել են հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Ներկայում պահանջվում է շուրջ 40 կլիոմետր երկարությամբ նոր գծի անցկացում:

«Այժմ Մարտունիում էլեկտրաէներգիա մատակարարվում է 1 մեգավատ հզորությամբ, ինչը, սակայն չի բավարարում մշտական էլեկտրականություն ունենալու համար: Մարտունու շրջանի էլեկտրամատակարարման ապահովման նաև այլ տարբերակները կան: Այդ ուղղությամբ շուտով քայլեր կձեռնարկվեն»,-մանրամասնեց գերատեսչության ղեկավարը:

Խոսելով Արցախի կառավարության կողմից բնակչության սպառած էլեկտրաէներգիայի փոխհատուցման ծրագրի մասին, մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ փոխհատուցման չափերը՝ ըստ տարվա եղանակների տարբեր են:

«Մասնավորապես ձմեռային ժամանակահատվածում կառավարությունը փոխհատուցելու է շուրջ 500 կիլովատ սպառած էլեկտրաէներգիայի դիմաց: Նշված ծավալը գերազանցելու դեպքում բնակիչ բաժանորդները վճարելու են գործող սակագներով»,-պարզաբանեց Թովմասյանը:

Վան Նովիկով

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս