Վահրամ Բաղդասարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը վերաքննիչ  դատարանը կհրապարակի վաղը. Փաստաբանը

Այսօր Վերաքննիչ դատարանը քննում էր ՀՀ գլխավոր դատախազության բողոքն ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի համար կալանավորումը որպես խափանման միջոց չընտրելու Ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշման դեմ: Դատական նիստի ավարտից հետո Վահրամ Բաղդասարյանի շահերի պաշտպան, փաստաբան Ռուբեն Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց.

«Վերաքննիչ բողոքի քննությունն ամբողջությամբ ավարտվեց: Դատախազը ներկայացրեց բողոքը, մենք ներկայացրինք մեր դիրքորոշումը, դատարանը արձագանքների հնարավորություն տվեց և հեռացավ խորհրդակցական սենյակ: Վաղը ժամը 11-ին կհրապարակվի դատական ակտը»:

Նոյեմբերի 14-ին Վահրամ Բաղդասարյանը ձերբակալվել էր, ապա վերջինիս մեղադրանք էր առաջադրվել: Նոյեմբերի 16-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Վահրամ Բաղդասարյանի ձերբակալությունը ճանաչել էր ոչ իրավաչափ և մերժել էր նրան կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը: Հարցին, թե Դատախազությունն ի՞նչ հիմքով էր բողոքարկել որոշումը, փաստաբանը պատասխանեց.

«Չեմ պատրաստվում հիմա ներկայացնել Դատախազության բողոքի հիմքերը: Դատական ակտը երբ հրապարակվի, ավելի մանրամասն կզրուցենք»:

Հիշեցնենք՝ Վահրամ Բաղդասարյանին մեղադրանք էր առաջադրվել իշխանության յուրացման, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և ապօրինի զենք-զինամթերք պահելու հատկանիշներով։

Տեսանյութեր

Լրահոս