«Էրատո» ջոկատի վրա՞ էր հույսը դրել, ո՞վ է նրան իրավունք տվել մեր ազգի ճակատագիրի հետ խաղալ. Էդուարդ Շարմազանով
Վահրամ Բաղդասարյանի գործով վերաքննիչ բողոքի քննության մեկնարկից առաջ ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով 168.am-ի լրագրողի հարցին, թե՝ ինչի՞ արդյունք են կալանավորման միջնորդությունները, որոնք մեկը մյուսի հետևից բերվում են դատարաններ, նշեց. «Արդյունք է հողատուի վախերի, նրա հոգևարքի, նրա ոչ հավասարակշիռ իրավիճակի, նրա՝ իրավիճակը չտիրապետելուն:
Ակնհայտ է, որ հողատու Նիկոլ Փաշինյանը վախերի մեջ է և փորձում է ձերբակալություններով, կալանավորումներով, իրավական տեռոր իրականացնելով՝ հասարակության առողջ հատվածին՝ նաև ընդդիմադիրներին, հետ պահել վճռական գործողություններից՝ նրա հրաժարականը պահանջելու առումով: Եվ բոլորիս վրա կան նման դատական գործեր՝ կամ ձերբակալման բողոքարկում, կամ կալանավորման: Այսօր մենք Վահրամ Բաղդասարյանի դատական նիստին ենք եկել հետևելու. մեր հույսը Սահմանադրությունն է, օրինականությունն է, դատավորներն են, որոնք կծառայեն, ոչ թե ռեժիմին, այլ ՀՀ պետական շահին:
Բայց մի բան կարող եմ ասել, որ անկախ դատարանի որոշումից, անկախ Նիկոլ Փաշինյանի ռեպրեսիաներից՝ մենք քանի շնչում ենք, պայքարելու ենք այս հողատու ռեժիմի և նիկոլիզմի դեմ:
Եթե նրա հույսն այն է, որ մեզ՝ ռեպրեսիաներ անելով, վախեցնելով կարող է հետ պահել մեր պայքարից, սխալվում է, որովհետև մեր տղաները 2.5 տարի է՝ պայքարում ենք: Եթե շատերը նոր են սկսել պայքարել, մենք 2.5 տարի պայքարել ենք, քարկոծվել ենք, տարբեր տիպի ռեպրեսիաների ենթարկվել ենք, այսօր՝ առավելևս՝ մեր պայքարը հայրենիքի համար է, հայրենիքի փրկության համար: Մեր ընտանիքի անդամներն էլ են պատրաստ ցանկացած լուծման. մեզ կբռնեն՝ իրենք են դուրս գալու փողոց, չնայած իրենք էլ են մեզ հետ հիմա փողոցում, որովհետև սա քաղաքական պայքար չի, սա հայրենիքի պայքար է»:
Էդուարդ Շարմազանովը՝ որպես պատմաբան, արձանագրեց՝ վերջին 100 տարվա ընթացքում Հայաստանը երբեք այսքան ողբերգական, կործանարար վիճակում չի եղել՝ ինչքան այսօր. «Եվ պատճառը Նիկոլ Փաշինյանն է, ով հրահրեց պատերազմը, ով պատերազմի ընթացքում 44 օր պաշտոնական տեղեկատվությամբ խաբեց, մոլորության մեջ գցեց ժողովրդին, որ հաղթում ենք, սակայն բերեց և ժողովրդից ծածուկ՝ կնքեց կապիտուլյացիոն ակտ: Ավելին՝ ով մերժեց Պուտինի առաջարկը՝ պատերազմը կանգնեցնելու»:
Ապա դիմելով վարչապետին՝ ՀՀԿ ԳՄ անդամը հարցրեց. «Պարո՛ն Փաշինյան, ո՞ւմ ես լսել դու, երբ հոկտեմբերի 19-ին Պուտինի՝ պատերազմը կանգնեցնելու առաջարկը չես ընդունել, և մինչև այդ՝ շտաբի պետի առաջարկը չես ընդունել:
Ախր եթե քո շտաբի պետը քեզ ասում է, որ մենք ռեսուրս չունենք պատերազմելու, շտաբի պետը թիվ մեկ զինվորական պատասխանատուն է, Նիկոլն ի՞նչ՝ աստղերին նայելով որոշել է, որ պետք է հաղթեի՞ն. «Էրատո» ջոկատի վրա՞ էր հույսը դրել, ո՞վ է նրան իրավունք տվել մեր ազգի ճակատագրի հետ խաղալ:
Առհասարակ բոլոր զոհերի պատասխանատուն ինքն է, բայց հոկտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 10-ը բոլոր զոհերի ուղիղ պատասխանատուն հողատու Նիկոլն է, և նա պետք է հեռանա, այստեղ երկրորդական խնդիր է՝ ով կգա, ով՝ չի գա:
Մենք, իհարկե, ունենք համաժողովրդական շարժման, հայրենիքի փրկության շարժման առաջնորդ, վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյան, բայց կրկնում եմ, բացի Նիկոլից, սորոսականներից ու տեռորիստներից՝ ով էլ գա, ավելի լավ կկառավարի, որովհետև սրանից վատ կառավարել ուղղակի հնարավոր չէ»:
«Կամ՝ ի՞նչ է նշանակում՝ երկու օր է՝ Արցախում գյուղեր են անցնում թշնամու վերահսկողության տակ, Նիկոլի իշխանությունն ասում է՝ դիմել ենք ռուսական կողմին: Այսինքն՝ ի՞նչ, ձեռքերն Արցախից լվացե՞լ է:
Այս մարդը քաղաքական իմպոտենցիայի վառ օրինակ է և իր ամբողջ ռեժիմը: Եվ ես ուզում եմ դիմել բոլորին՝ ով այսօր ծառայում է Նիկոլ Փաշինյանին, ով այսօր փորձում է արդարացնել Նիկոլ Փաշինյանին, նա կրկնակի դավաճանական ակտ է գործում հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության նկատմամբ»,- եզրափակեց քաղաքական գործիչը: