Հուդայի զղջումը
Ապաշխարությունը մեզ համար հնարավորություն է՝ սխալները շտկելու և նոր, աստվածահաճո կյանքով ապրելու։ Ապաշխարությանը մշտապես նախորդում է զղջումը, սակայն պիտի նշենք, որ զղջմանը միշտ չէ, որ հաջորդում է մեղքի խոստովանումն ու ապաշխարությունը։
Ավետարանում մեզ ցույց է տրվում զղջման երկու օրինակ՝ Հուդայի և Պետրոսի օրինակները։
Նրանցից Հուդան, որ մատնեց Քրիստոսին 30 արծաթի դիմաց, հետագայում, տեսնելով Նրա մահը, զղջաց անկեղծորեն, սակայն չապաշխարեց։ «Մեղանչեցի, որովհետև արդար արյուն մատնեցի» (Մատթ․ 27։4),- ասաց նա՝ քահանայապետներին վերադարձնելով արծաթ դրամները։ Քահանայապետները չընդունեցին դրանք, և Հուդան «արծաթ դրամները նետեց տաճարի մեջ և հեռացավ ու գնաց ինքն իրեն կախեց» (Մատթ․ 27։5)։
Այո՛, նա պատժվեց, ուժ չգտավ իր մեջ՝ ապրելու իր մեղքի հետ, խոստովանելու այն։ Հուդան, թույլ գտնվելով, չգտավ իր մեջ ուժը՝ ապաշխարելու, ներում հայցելու և իրական զղջման։ Հուդայի զգացածը, ինչը մենք պայմանականորեն անվանում ենք զղջում, միայն խղճի խայթի վկայումն էր, այն գիտակցված քայլ չէր, դրա մեջ չկար դեպի Տերը վերադարձի հույսը, չկար հավատ։
Խորհրդավոր ընթրիքի ժամանակ, երբ Քրիստոս, հացը թաթախելով գինու մեջ, տվեց Հուդային, նպատակ չուներ բոլորի առաջ բացահայտել՝ ով է մատնիչը։ Նա կարող էր այդ անել և բարձրաձայն՝ խոսքով։ Այս քայլը, որ ուղեկցվում էր Քրիստոսի լռությամբ, մեկ վերջին հնարավորություն էր՝ Հուդային մեղքից ետ պահելու։
Այնուամենայնիվ, Հուդան չցանկացավ և չօգտվեց Աստծո տված հնարավորությունից, Նրա բարությունից և ներողամտությունից և պատժվեց արդարացիորեն։ Նա չկամեցավ տեսնել ճշմարիտ ուղին, դարձի գալ։ Նրա հուսահատությունն ավելի մեծ գտնվեց, քան զղջումը։ եվ Հուդան զղջաց հուսահատությունից, այլ ոչ թե Աստծո ներողամտությունից։
Հուդայի գոյությունը բնավ բացառիկ երևույթ չէ մինչև անգամ մեր իրականության մեջ։ Յուրաքանչյուրս էլ կարող ենք լինել նրա դերում՝ պայմանավորված կյանքի տարբեր իրավիճակներով։ Սակայն մեր հիմնական խնդիրը թող լինի ոչ թե այս վախով ապրելը, այլ կյանքում Աստծո լույսը միշտ մեր սրտերում վառ պահելը։ Յուրաքանչյուրս մեղավոր է, և այս գիտակցմամբ է, որ պետք է կրենք մեր մեղքերի ծանր բեռը, անկեղծորեն զղջանք, ներում հայցենք Աստծուց և ապաշխարենք։ Չէ՞ որ Սուրբ Գրքում էլ գրված է․ «Խնդրեցեք, և Աստծուց կտրվի ձեզ, փնտրեցեք, և կգտնեք, բախեցեք, և կբացվի ձեզ համար, որովհետև, ով որ խնդրում է, առնում է, ով որ փնտրում է, գտնում է, և ով որ բախում է, բացվում է նրա առաջ» (Ղուկաս 11։ 9-10):