Բայդենը «լույսի պայծառ շող» է որակել COVID-19-ի դեմ պատվաստանյութին հավանություն տալը
Ջո Բայդենը, որը հայտարարել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին, Սննդամթերքի եւ դեղամիջոցների որակի սանիտարական հսկողության վարչության (FDA) հանձնաժողովի կողմից դեկտեմբերի 10-ին կորոնավիրուսի դեմ Pfizer-ի պատվաստանյութին հավանություն տալը որակել է «լույսի պայծառ շող անարդարացի մութ ժամանակ»:
«Այսօր FDA-ի կողմից Pfizer-ի եւ BioNTech-ի արտադրության պատվաստանյութը լույսի պայծառ շող է անարդարացի մութ ժամանակ: Մենք շնորհակալ ենք գիտնականներին եւ հետազոտողներին, որոնք մշակել են այդ պատվաստանյութը: Եվ մենք շնորհակալ ենք գիտնականներին եւ փորձագետներին հանրային առողջապահության բնագավառում, որոնք գնահատել են այդ պատվաստանյութի անվտանգությունն ու արդյունավետությունը առանց քաղաքական ազդեցության»,-հայտարարել է Բայդենը:
Բայդենը, որը պետք է պաշտոնն ստանձնի 41 օր հետո եւ իր վրա վերցնի վիրուսի դեմ ֆեդերալ պայքարը, ընդգծել է պատվաստանյութի արտադրության ընդլայնման եւ դրա տարածման անհրաժեշտությունը՝ կառավարման առաջին 100 օրում հասնելու 100 մլն չափաբաժին տարածելու իր նպատակին: «Իմ վարչակազմը վիրոսի զսպումը կկառավարի հուսալիորեն եւ ագրեսիվ պլանով՝ սկսած առաջին օրվանից»,-նշել է նա: «Իմ առաջին 100 օրը վերջ չի դնի COVID-19-ին, բայց մենք կարող ենք եւ կդանդաղեցնենք հիվանդության տարածումը մինչ արտադրում ու տարածում ենք այդ պատվաստանյութը»,-հավելել է Բայդենը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:



