Վարչապետը մերկ է
Հայաստանն ապրում է երեք իրականություններում։ Մի իրականությունում իշխանությունն է՝ Նիկոլ Փաշինյանը, «ժողովրդի վարչապետը», ով ապրում և աշխատում է մի քանի պատեր կազմած հարյուրավոր, գուցե հազարավոր ոստիկանների, անվտանգության աշխատակիցների պաշտպանության ներքո գտնվող ապարանքներում ու պետական շենքերում։ Մյուս իրականությունում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող տասնյակից ավելի քաղաքական ուժերն են, հարյուրավոր համայնքները, Հայ Առաքելական եկեղեցու երկու կաթողիկոսները, գիտնականներ, մտավորականներ։
Եվ երրորդ իրականությունում հասարակության այն հատվածն է, ըստ ամենայնի՝ զգալի հատվածը, որը չի պատկանում նշված երկու իրականություններից որևէ մեկին։ Հասարակության այդ հատվածը դեռևս պասիվ է, չգիտակցելով անգամ, որ երկրում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի հանգուցալուծումը կախված է հենց իրենից։ Հասարակության այս հատվածի շարքում մեծամասնություն են կազմում 2018-ի հեղափոխությունը ողջունածները և Նիկոլ Փաշինյանին ընտրածները։ Նրանք իրականում այսօր ամենածանր վիճակում են, քանի որ իրենց երբեմնի պաշտելի առաջնորդը ստորագրել է կապիտուլյացիոն համաձայնագիր, հանձնել է Արցախի 80 տոկոսը, Հայաստանից զգալի տարածքներ՝ հազարավոր երիտասարդների կյանքեր խլելով։
Նրան ընտրողներից շատերը դեռ չեն ցանկանում կամ չեն կարողանում գիտակցել սեփական սխալը և առերեսվել այն ճշմարտության հետ, որ «թագավորը մերկ է»։ Հասարակության ահա այդ հատվածն այսօր կանգնած է ընտրության, երկընտրանքի առաջ, շատ ավելի կարևոր ընտրության, քան ընտրատեղամասում կատարվող քվեարկությունն է։ Երեք իրականություններից երկուսը՝ ոստիկանապաշար իշխանությունը և փողոցում գտնվող ընդդիմությունը, առաջարկում են երկու հակամետ հայեցակարգ, որոնք վերաբերում են կապիտուլյացիային։ Իշխանությունը, լայն իմաստով, ասում է, որ «կապիտուլյացիան ողբերգություն չէ», ընդդիմությունը պնդում է, որ «կապիտուլյացիան դավաճանություն է»։ Ահա այս երկու հակամետ հայեցակարգերի միջև հասարակությունը պետք է ընտրություն կատարի։
Առաջին հայացքից հեշտ թվացող այս ընտրությունն իրականում հեշտ ընտրություն չէ մի հասարակության համար, որում տարիներ շարունակ մեթոդաբար դեգրադացվել են բարոյականության պարզագույն իմպերատիվները՝ լավի ու վատի, չարի ու բարու, ազնիվի ու անազնիվի մասին։ Հանրային բարոյականության այդ առանցքները խեղվել են այնպես ու այնքան, որ այդ իմպերատիվները գործում են հակառակ նշանակությամբ՝ չարը դարձել է բարի, սուտը՝ ճշմարտություն, խաբեությունը՝ ազնվություն, և այդպես շարունակ։
Պատերազմում պարտությունը, սակայն, առաջացրել է հանրային շոկ, որը հասարակության համար ոչ միայն սպառնալիք է, այլև եզակի հնարավորություն՝ վերականգնելու խաթարված բարոյականությունն ու բանականությունը։ Կկատարի՞ հասարակությունն այդ քայլը, ընտրություն կկատարի՞ «դավաճանությունը լավ է» և «դավաճանությունը վատ է» պարզագույն երկընտրանքի միջև, կստանա պատերազմի արդյունքում հայտնված ավերակներից վերակենդանանալու հնարավորություն։
Հենց այդ՝ հանրային բարոյականության իմպերատիվների ընտրությունը կանխորոշելու է ոչ միայն անխուսափելի արտահերթ ընտրության արդյունքները, այլ լայն իմաստով՝ Հայաստանի պետության ու պետականության գոյությունն ինքնին։ Այս իրավիճակի հանգուցալուծումը, լայն իմաստով, պայմանավորված է նրանով, թե վերը նշված երկու իրականության կրողներից որ մեկը կկարողանա հասարակությանը համոզել կապիտուլյացիայի արդարացվածության կամ կապիտուլյացիայի դավաճանության մեջ։ Որոշողը ժողովուրդն է, որին երեկ անընդհատ հղում էր անում Նիկոլ Փաշինյանը՝ մի քանի հարյուր կամ հազար ոստիկանների պատերի ետևում պատսպարված Ազգային ժողովի շենքում։
Հարություն Ավետիսյան