«Վեհափառ հայրապետերն իրենց տեսակետն են հայտնել, ես դրա մեջ ողբերգություն չեմ տեսնում». Փաշինյան
«Որևէ քաղաքական ուժ, խումբ, խմբակ չի կարող ՀՀ ժողովրդին և ժողովրդի կողմից ընտրված կառավարությանը հարկադրել»,- ԱԺ-ում այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ ժողովրդի՝ իշխանություն ձևավորելու իրավունքը պետք է պաշտպանվի և պահպանվի. «Ինչ վերաբերում է խոսելուն, դուք չեք գտնի մի այնպիսի դեպք, երբ մեզ հետ խոսելու ցանկություն է եղել, և մենք չենք խոսել: Մենք չենք պատրաստվում խոսել այնպիսի պայմաններով, երբ այդ խոսակցությունը կընկալվի՝ որպես նահանջ բռնության և հարկադրանքի սպառնալիքի առաջ: Մենք չենք մտնի այդպիսի խոսակցության մեջ, այդպիսի խոսակցություն չի կարող լինել»:
Նա հավելեց, որ կառավարությունն էլ չի խոսում և չպետք է խոսի բռնության և սպառնալիքի լեզվով. «Բայց կառավարության հետ էլ պետք է չխոսեն բռնության և սպառնալիքի լեզվով»:
Իր լայվերում և գրառումներում սպառնալիքի և բռնության կոչեր հնչեցրած Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ասաց, որ պետք է հրաժարվել բռնության և սպառնալիքի խոսույթից. «Դա չի նշանակում, որ հետագա քաղաքական պայքարում մենք չենք կարող սուր քննադատության ենթարկել, և այլն: Հռետորիկան ուրիշ բան է, լինում է, որ երբեմն հնչում են նախադասություններ, որոնք կարող են այս գծից ինչ-որ չափով շեղվել, խոսքն իրական մտադրությունների և գործելակերպի մասին է: Ոչ մի խնդիր չեմ տեսնում նրանում, որ մեր եկեղեցու ներկայացուցիչները՝ Վեհափառ հայրապետները, հանդես են եկել նման կոչով, իրենց տեսակետն են հայտնել, ես դրա մեջ ողբերգություն չեմ տեսնում: Յուրաքանչյուրը, առավել ևս՝ հայրապետներն ունեն իրենց դիրքորոշումն արտահայտելու անքակտելի իրավունք: Կառավարությունը և ժողովուրդն իրավունք ունի այդ տեսակետի չհամաձայնել, բայց դա չի նշանակում, թե խոսակցություն նրա մասին… ես ուզում եմ շատ հստակ լինի՝ մենք ժողովրդին պատկանող իշխանությունը որևէ ձևով վտանգի և ռիսկի տակ չենք դնելու, բայց մենք մեր աթոռներից չենք էլ կառչելու»: