«Պետք է փորձել երկխոսություն սկսել հաղթող կողմի՝ Բաքվի  հետ, որքան էլ դա ծանր լինի». Անդրանիկ Քոչարյան

ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթի սկզբում ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի   նախագահ  Անդրանիկ Քոչարյանը նախազգուշացրեց՝ չի անդրադառնալու պատերազմին, դրա պատճառներին և մեղավորներին:

Նա հայտարարեց, որ ստեղծված իրողությունների պայմաններում գլխավոր խնդիրն է՝ ինչպես ուշքի գալ ու շարունակել ապրել, ինչպես նվազագույնի հասցնել պատերազմի կործանարար հետևանքները, ինչ գործոններով  կառուցել  երկրի  ապագան:

«Առաջին հերթին անհրաժեշտ է ազնիվ լինել ինքներս մեզ հետ և լիարժեք պատասխանատվությամբ ընդունել պարտությունը: Պետք է հասկանալ, որ կատարվածն այլ կերպ հնարավոր չէ անվանել։ Պարտվել ենք թե՛ ռազմի դաշտում, թե՛ բարոյապես, թե՛ հոգեպես։ Հասկանալի է, որ պարտված լինելու փաստը լրացուցիչ բարդույթներ է առաջ քաշելու, սակայն պետք է հնարավորինս արագ դուրս գալ բարոյալքված վիճակից ու քայլեր նախաձեռնել։  Հաջորդ քայլով, պետք է լինի պատասխանատվության աստիճանական գիտակցումն ու ընկալումը։

Ի վերջո, պետք է փորձել երկխոսություն սկսել հաղթող կողմի հետ, որքան էլ դա ծանր լինի։ Խոշոր մասշտաբների պատերազմներից վերականգնված գրեթե բոլոր երկրներն անցել են այս ճանապարհով: Երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կարող է փոխել սպասվող հեռանկարները: Իհարկե, չպետք է մոռանալ կատարվածը, ուստի դիվանագիտությունը պետք է հիմնված լինի տնտեսական, ռազմական և բարոյահոգեբանական բոլոր ռիսկերի գնահատման վրա»,- նշեց Քոչարյանը՝ վստահություն հայտնելով, որ վերը նշված քայլերի գրագետ կատարումը կբերի նրան, որ պետության անվտանգության և պաշտպանության ոլորտներում առաջացած խնդիրների արդյունավետ լուծումները կդառնան տնտեսության զարգացման և տնտեսական բարեփոխումների հիմքը:

Իր ելույթն Անդրանիկ Քոչարյանն ավարտեց Հրանտ Մաթևոսյանի խոսքով՝ «բա այսքան պարտություն կրես ու հաղթել չսովորե՞ս»:

Տեսանյութեր

Լրահոս