«Կորոնավիրուսով հիվանդների իրական թիվն անգամներով ավելի մեծ է». համաճարակաբան
Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ երկրորդ պլան մղված կորոնավիրուսի համավարակը շարունակում է ամեն օր խլել տասնյակ մարդկանց կյանքեր: Այսօր հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1184, իսկ մահվան՝ 28 նոր դեպք: Համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հրապարակված տվյալները կասկածելի են, այդ պատճառով դժվար է վերլուծել, թե ի՞նչ վիճակում է կորոնավարակը Հայաստանում:
«Ամեն դեպքում համաճարակն այնքան էլ լավ վիճակում չէ, բարձիթողի վիճակ է, այսպես ասած, ինչ կլինի՝ կլինի»,- ասաց Հովհաննիսյանը:
Մեր հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ գրանցված վարակակիրների թիվը նվազում է, իսկ մահվան դեպքերը նվազման միտում չունեն, Էդուարդ Հովհաննիսյանը պատասխանեց.
«Նախ՝ բժիշկները, իմ կարծիքով, ուղղակի հյուծվել են այսքան ամիսների ընթացքում: Գործի սխալ կազմակերպման պատճառով ուղղակի սպառվեց բժշկական ռեսուրսը, և այսօր հիմնականում շատ տեղերում բուժումը կլինօրդինատորների վրա է դրված: Քանի որ դեպքերի թիվը շատ-շատ է, հոսպիտալացվում են մարդիկ հիմնականում արդեն ծանր և շատ ծանր վիճակում, տրամաբանական է, որ ծանր վիճակում գտնվողների շրջանում մահացությունը շատ ավելի բարձր է լինելու: Եթե օրական 1000-ից ավելի է դեպքերը, դա ցածր թիվ չէ, և հաշվի առնենք նաև այն, որ այդ 1000- 1500-ը միայն գրանցված թվերն են, ոչ թե իրական դեպքերն են, դրանք մարդիկ են, ովքեր իրենց ոտքով եկել, հետազոտվել են, ակտիվ որոնում, ակտիվ հետազոտություն չի կատարվում, հետևաբար՝ հիվանդների իրական թիվն անգամներ ավելի մեծ է: Մահվան դեպքերի թիվը բարձր է, քանի որ մահացության թվերը չեն կարող թաքցնել, եթե մարդը մահացել է, ուրեմն մահացել է, դա գրանցում են: Այսինքն՝ գրանցված հիվանդների վիճակը շատ ավելի ծանր է, դրա համար էլ մահացության թիվը բարձր է»,- ասաց Հովհաննիսյանը:
Կառավարության նոյեմբերի 26-ի նիստի ժամանակ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ համաշխարհային ակադեմիական շրջանակներում քննարկվում է, թե հնարավոր է կորոնավիրուսով վարակման դեպքերի անկում, բայց հետո կրկին աճ՝ երկու-երեք ամիս ինտերվալով: Համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանի պնդմամբ՝ նման հետևություններ անելու համար պետք է տիրապետել որոշակի տվյալների, որոնք, մասնագետի համոզմամբ՝ ԱՆ-ն չունի:
«Նման հետևություններ, կանխատեսումներ անելու համար պետք է նախ և առաջ իմանալ, թե քո բնակչության շրջանում տարածվածությունն ինչքա՞ն է, բնակչության ո՞ր մասն է ընդգրկվել համաճարակի մեջ: Նման հետազոտություններ, քանի որ չի արվել, Արսեն Թորոսյանի կանխատեսումներն ուղղակի կանխատեսումներ են, ոչ մի կապ չունի բժշկագիտության հետ, մենք փետրվարից, մարտից սկսած տեսանք, թե Արսեն Թորոսյանի կանխատեսումներն ինչպես են իրականանում: Չի բացառվում, որ կարող է լինել հետագա աճ, բայց այդպիսի կանխատեսումները պետք է հիմնված լինեն հետազոտությունների վրա, այլ ոչ թե ուղղակի Արսեն Թորոսյանի տրամադրության վրա»,- ասաց Հովհաննիսյանը:
Մեր հարցին, թե ի՞նչ պետք է անել հիմա կանխելու համար վիրուսի տարածումը, համաճարակաբանը պատասխանեց.
«Ինչ որ պետք է արվեր, մենք, արդեն 8 ամիս է, ասում ենք: Հիմա, երբ, այսպես ասած, ամբողջ անտառն այրվում է, ինչ-որ մի բան անել… Համաճարակն իրականում այնքան զարգացած է, որ այս պահին ինչ-որ մի բան անելը, զուտ կազմակերպման առումով պետք է լինի որակյալ բուժում տալը և փորձելը կանխարգելման գործողություններ անել կոնտակտավորների մասով: Քանի որ ռեալ թվերը հիմա պատկերացնել հնարավոր չէ, ես չգիտեմ՝ նախարարությունում պատկերացնո՞ւմ են, թե՞ չէ, բայց որևէ աշխատանք դրա համար չի արվում, գործողությունների պլաններ կազմել դժվար է շատ»,- ասաց Հովհաննիսյանը: