«Արթուրը 100.000 դրամը զինգրքույկի մեջ մեկնել է ռազմաճակատ՝ նպատակ ունենալով հաղթանակը նշելով ետ վերադառնալ»
Արցախում ադրբեջանական ագրեսիան ետ մղելիս զոհված 56-ամյա Արթուր Սուրենի Գալստյանը Սիսիան քաղաքից էր, պահեստազորի փոխգնդապետ: Նրա քույրը՝ Գոհարը, 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ եղբայրն ամուսնացած էր, ունի 2 երեխա:
«Մեծն աղջիկն է, ամուսնացած է, 2 երեխա ունի, իսկ որդին ամուսնացած չէ, Արթուրի նպատակն էր որդուն ամուսնացած տեսնելը»:
Քույրը հպարտությամբ նշեց, որ Արթուրը 1992 թվականից կանգնած է եղել բանակաշինության ակունքներում.
«Առաջիններից մեկն է եղել, որ կամավորագրվել է հայրենիքի պաշտպանության, հայկական բանակի ստեղծման աշխատանքներին: Մասնակցել է Սիսիանի կամավորական գնդի աշխատանքներին, եղել է գումարտակի հրամանատար: Արցախյան պատերազմի մասնակից է եղել, մասնակցել է Հորադիզի, Հադրութի, Ջաբրայիլի, Ֆիզուլիի, Քաշաթաղի ազատագրման գործողություններին, բազմաթիվ պարգևների է արժանացել՝ թե՛ Արցախի նախագահի կողմից, թե՛ հրամանատարության կողմից»:
Արթուրը 1995 թվականի աշնանը մեկնել է Մոսկվա, անցել վերապատրաստման դասընթացներ, ապա վերադարձել և կրկին ծառայությունը շարունակել Հայոց բանակում.
«1991 թվականից կամավորագրվել էր Սիսական գնդի կազմավորման աշխատանքներին, բայց 1922 թվականի օգոստոսից մտել է բանակ մինչև թոշակի անցնելը՝ 2015 թիվը: 1999 թվականից Վայքի զորամասում է ծառայել, որպես շտաբի պետ, այնուհետև 2001 թվականից աշխատանքի էր անցել հանրապետական զինկոմիսարիատում՝ որպես զորակոչային բաժնի պետ: Եղբորս զինվորական մականունը «Սարսափ» է եղել, «Ուժըս» էին ասում: Ինքը բազմաթիվ հերոսական դրվագների, հերոսական մարտերի մասնակից է: Ես հիմա եմ հասկանում, որ ասում են՝ հերոս չեն դառնում, հերոս ծնվում են, ինքն այդպիսին էր: Ինչպիսի մարտերի է մասնակցել, ռազմական խորամանկությամբ՝ զոհեր չի ունեցել կռվի դաշտում: Հիմա շատերը զարմացել են, թե ինչպե՞ս կարող էր նման գիտելիքի տեր, նման ունակությունների տեր մարդն այդպիսի մահով մահանար այս պատերազմում»:
Քրոջ բնութագրմամբ՝ Արթուրը չափից դուրս բարի և հոգատար անձնավորություն էր.
«Սիրասուն պապիկ, հայրիկ, նվիրված որդի, նվիրված ամուսին: Ես նույնիսկ զարմացած էի, որ այդ մարդկային արժեքների տեր անձնավորությանը «Ուժըս» մականունն են տվել. ինքը սարսափելի նվիրված էր հայրենիքին»:
Գոհարը մի դրվագ հիշեց, երբ եղբայրը սեփական կյանքը վտանգելով՝ կարողացել էր մեքենայից իր բոլոր զինվորներին անվտանգ դուրս բերել.
«Մի անգամ ավտովթարի ենթարկվելուց են եղել, սարից իջնելիս մեքենայի արգելակները չեն աշխատել, Արթուրը մեքենայի սրահից պատուհանով անցել է հետևի հատվածը, որտեղ զինվորներն են եղել, ու բոլորին՝ 20 հոգուց ավելի, զգուշորեն, մեկ-մեկ իջեցրել է, վերջում միայն ինքն է վիրավորում ստացել»:
Պատերազմը սկսվեց սպետեմբերի 27-ին, Արթուրն առողջական խնդիրներ ուներ, բայց սեպտեմբերի 29-ին մեկնել է Ստեփանակերտ և միացել Սիսական գնդին ու մասնակցել մարտական գործողություններին.
«Վերջին անգամ հոկտեմբերի 2-ի առավոտյան ժամը 8:30 խոսել է տղայի հետ, ասել է՝ ամեն ինչ լավ է, մի անհանգստացեք: Արթուրը 100.000 դրամ գումարով՝ զինվորական գրքույկի մեջ, մեկնել է ռազմաճակատ, նպատակ ունենալով՝ հաղթանակը նշելով վերադառնա: Դատական բժշկի պատմելով, երբ փաստաթղթերի ուսումնասիրությունն է եղել, մնացել է զարմացած, ասել է՝ սա առաջին դեպքն է, որ այսքան գումար դրած զինգրքույկի արանքում, գնում են մարտի: Մերոնք պատասխանել են՝ ինքը հաղթանակի ակնկալիքով է մեկնել, որպեսզի հաղթանակը տոնելով վերադառնար: Դա է եղել իր նպատակը, դա է եղել իր ձգտումը, այդ մտքով է ինքը գնացել մասնակցելու պատերազմին»:
Արթուր Գալստյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ին՝ Սիսիանի պանթեոնում: