Պատասխանատվությունը կրում են ՀՀ քաղաքական իշխանությունները՝ ի դեմս վարչապետի, որն ուղղակիորեն մսխեց ժողովրդական վստահության ահռելի պաշարները. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան

Նոյեմբերի 23-ին տեղեկություն էր հրապարակվել, որ Նիկոլ Փաշինյանի անմիջական ցուցումով ԱԱԾ է հրավիրվել Մայր Աթոռի դիվանապետ գերաշնորհ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը` իշխանություններին ուղղված իր քննադատությունների պատճառով: Ըստ նույն աղբյուրի՝ փորձ էր արվել սպառնալիքի միջոցով Արշակ Սրբազանին լռեցնել:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հաստատել էր Սրբազան հորն ԱԱԾ հրավիրելու տեղեկությունը՝ այլ մանրամասներ չհայտնելով:

168.am-ի հետ զրույցում Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը ԱԱԾ հրավերի վերաբերյալ թեև չի բացել փակագծերը, սակայն մեր խնդրանքով անդրադարձել է ՀՀ իշխանությունների 2.5 տարիների կառավարմանը, այս պահին երկրում առկա գերլարված մթնոլորտին ու իրավիճակից հնարավոր ելքերին:

– «Նիկոլ Փաշինյանը ձախողել է երկրի ղեկավարումը և պետք է հեռանա՝ ժողովրդի և իրավապահների միջև բախումներից և, որ ամենից վտանգավորն է, արյունահեղությունից խուսափելու համար». Ձեր այս հայտարարությունից հետո հրավիրվեցիք ԱԱԾ, ըստ մամուլի հրապարակումների՝ եղել են նաև սպառնալիքներ: Կմանրամասնե՞ք՝ ի՞նչ են քննարկել Ձեզ հետ, ի՞նչ են ակնկալում Ձեզնից:

– Ազգային անվտանգության ծառայության հետ առնչված պատմության վերաբերյալ իմ կողմից արդեն իսկ պարզաբանումներ տրվել են: Այս պահին հավելելու ոչինչ չունեմ:

– Ազգային անվտանգության խնդիրներ, համավարակ, քաղաքացիական բախումների վտանգ. երկրում իրադրությունը գերլարված է, ո՞րն է այս պահին հայ եկեղեցու դերը, և ո՞րն է եկեղեցականի առաքելությունը՝ հաշվի առնելով, որ տարբեր հասարակական շրջանակներ ակնկալում են եկեղեցու առավել հստակ դիրքորոշում:

– Ձեր կողմից նշված մարտահրավերներն ազգային անվտանգության խնդիրներ են, սակայն դրանք պետք է տարբերակել՝ ըստ բնույթի և ըստ վտանգավորության մասշտաբի և աստիճանի:  Այս առումով պատերազմը հնարավոր չէ համեմատել որևէ այլ մարտահրավերի հետ: Աղետալի այն իրավիճակը, որ ստեղծվեց արցախյան 45-օրյա պատերազմի ընթացքում և դրա հետևանքով, հնարավոր չէր պատկերացնել անգամ մղձավանջային ամենավատ երազներում:

Ինչ վերաբերում է Հայ Եկեղեցու և հայ եկեղեցականի առաքելությանը, ապա այն բոլոր ժամանակներում և կյանքի բոլոր պայմաններում շարունակում է մնալ նույնը՝ իրականացնել առաջնորդություն դեպի հոգու փրկություն: Եվ այս ճանապարհին՝ հատկապես ծայրահեղ իրավիճակներում, ինչպիսին այսօր պարագան է Հայաստանի, մեր եկեղեցականների համար ևս առաջնահերթ է մեր ժողովրդի գոյաբանական անվտանգության գերխնդրի լուծումը:

Հետևաբար՝ Հայ Եկեղեցու և եկեղեցականի սրբազան պարտքն է՝ արմատախիլ անել այն բոլոր խոչընդոտները և մերժել այն բոլոր ուժերին, որոնք վիճարկելի են դարձնում հազարամյա մեր ժողովրդի արժանապատվությունը և արգելակում նրա փրկությանը: Կարծում եմ, որ այս հարցում մեր ժողովուրդը միասնական կլինի, և կարիք չի լինի այլևս խոսել բախումների և ընդհարումների կանխման մասին:

Համավարակի և վերջինիս հետևանքների հաղթահարման ուղղությամբ եկեղեցու կողմից իրականացված ծրագրերի մասին պարբերաբար իրազեկվել է մեր հանրությանը: Արձանագրենք, որ մեր եկեղեցականները մինչ օրս հոգևոր խնամք են իրականացնում  վարակված անձանց շրջանում և համավարակից մահացած մարդկանց ընտանիքներում:  Մայր Աթոռի կողմից կազմակերպված կրթական, սոցիալական, առողջապահական միջոցառումների շրջանակներում իրականացվել են  500 միլիոն ՀՀ դրամից ավելի կազմող աջակցության ծրագրեր:

– Այս երկուսուկես տարիների քաղաքականությանը անդրադառնալիս՝ նշել էիք, որ ժողովրդավարություն իրագործելու ճանապարհին հասնում ենք ծայրահեղությունների. Ինչո՞ւ Հայ Առաքելական եկեղեցին հանդուրժեց այս ծայրահեղությունը, ինչո՞ւ, օրինակ, համապատասխան արձագանք չեղավ, երբ շրջափակեցին կաթողիկոսին, երբ բողոքի ակցիաները հասան վեհարան:

– Հարցադրումը պարունակում է ակնհայտ ապատեղեկատվություն: Եկեղեցին երբեք չի հանդուրժել ծայրահեղականությունը: Եթե որոշ լրատվամիջոցների կողմից պատշաճ կարգով չեն լուսաբանվել Հայ Եկեղեցու արձագանքները, դա ամենևին չի նշանակում, որ համարժեք արձագանք չի եղել որոշ խմբերի հակաեկեղեցական գործունեության վերաբերյալ: Եկեղեցին տարբեր առիթներով իր դիրքորոշումներն արտահայտել է ազգային ինքնությունը վտանգող տարբեր երևույթների վերաբերյալ, ինչպես՝ Լանզարոտեի և Ստամբուլյան կոնվենցիաների, այլև մտահոգություններ առաջացնող այլ առիթներով:

– Այս օրերին մեր պարտության մեջ մեղավորների փնտրտուքի մեջ հասցեատեր դարձավ նաև մեր ժողովուրդն ու բանակը. Ինչո՞ւ:

 – Խելամիտ մարդկանց համար, երբեք կասկածի տեղ չի մնացել, թե ովքեր են աղետալի այս վիճակի պատասխանատուները: Առաջնահերթ պատասխանատվությունը կրում են  Հայաստանի  Հանրապետության քաղաքական իշխանությունները՝ ի դեմս վարչապետի, որը ուղղակիորեն մսխեց ժողովրդական վստահության ահռելի պաշարները՝ մինչև իսկ լեգիտիմացման հասցնելով ատելությունն ու հայհոյանքը, հետևողականորեն փչացնելով հարաբերությունները դաշնակից, բարեկամ պետությունների հետ՝  դրանցով իսկ անխուսափելի դարձնելով ներկա ողբերգական իրավիճակը:

Այսուհանդերձ, ես հավատում եմ մեր ժողովրդի կենսունակությանը և վստահ եմ, որ արժանապատվորեն կկարողանանք ձերբազատվել ազգային մեր արժանապատվությունն ու միաբանությունը քայքայող քաղցկեղից:

Տեսանյութեր

Լրահոս