«Մենք փորձում էինք բաժանել, բայց արդեն իրենք չէին նայում՝ կի՞ն է, թե՞ տղամարդ, ու սկսեցին հարվածներ հասցնել»․ պատմում է հարձակման ենթարկված ակցիայի մասնակիցը

Քիչ առաջ Ռեֆորմիստների կուսակցության անդամները և ակտիվիստները հարձակման են ենթարկվել Կիևյան 4/3 հասցեում անցկացվող իմքայլական պատգամավոր Կորյուն Մկրտչյանի հրաժարականը պահանջող խաղաղ ակցիայի ժամանակ: Ակտիվիստները ստացել են մարմնական վնասվածքներ և դադարեցրել են ակցիան. այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է կուսակցության նախագահ Վահան Բաբայանը՝ ասելով, որ դիմում է իրավապահ մարմիններին՝ հարձակում գործած անձանց հրատապ կարգով հայտնաբերելու և օրենքով սահմանված կարգով խստագույն պատժի ենթարկելու պահանջով:

Նույն պահանջով ոստիկանություն են դիմում նաև տուժած քաղաքացիները:

«Գնացել, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կորյուն Մկրտչյանի տան դիմաց ակցիա էինք իրականացնում՝ զերծ մնալու  կապիտուլյացիայի ստորագրմանը սատարելուց, որովհետև ունեն հնարավորություն՝ վաղը կամ մյուս օրը պատասխանատվություն չկրել նույնչափ, որքան երկրի ղեկավարը: Կոչ էինք անում կամ դուրս գալ խմբակցությունից, կամ մանդատները վայր  դնել, քանի որ խայտառակ կապիտուլյացիա է եղել, որի հետ համաձայն չէ հայ ժողովրդը, մենք՝ մասնակիցներս: Արդեն ավարտում էինք ակցիան, մեկ էլ տարբեր տեղերից ինչ-որ մարդիկ դուրս եկան, սկսեցին ասել, թե՝ վեր կացեք, այստեղից գնացեք: Մենք էլ պատասխանեցինք, որ իրենք չպետք է մեզ ասեն, թե որտեղ կանգնենք, որտեղ ուզենք՝ այնտեղ խաղաղ ակցիա կանենք, դա մեր իրավունքն է: Փորձում էին էլի սադրել, փորձում էինք սադրանքներին չտրվել, բայց երբ պատուհանից բաներ նետեցին մեր ուղղությամբ, հայհոյանքներ սկսեցին տեղալ, հարձակվեցին մեզ հետ գտնվող տղամարդկանց վրա, մենք փորձում էինք բաժանել, բայց արդեն իրենք չէին նայում՝ կի՞ն է, թե՞ տղամարդ, ու սկսեցին հարվածներ հասցնել: Ես վնասվածք եմ ստացել դնչի շրջանում, հարվածներ որովայնի հատվածում, ունեմ ցավեր, վնասվել է նաև ձեռքս, ունեմ քերծվածքներ: Մենք 7 հոգով էինք, ինձանից բացի՝ վնասվածքներ ստացել են ևս 2-ը՝ Արմեն Ամիրջանյանը և Լիլիթ Հովակիմյանը, պատրաստվում ենք դիմել ոստիկանություն: Տեղում չենք կանչել ոստիկանների, քանի որ իրենց ճիրաններից հազիվ կարողացել ենք փախչել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ Ադրինե Ավագյանը:

ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանն էլ հայտնեց, որ ահազանգ ստացվել է, որ նշված հասցեի մոտ վիճաբանություն է, այս պահին ահազանգով ստուգումներ են իրականացվում:

 

Տեսանյութեր

Լրահոս