«Մի բացահայտում էլ ես անեմ․․․ անցնող երկու տարվա ընթացքում այս մասին երբեք հանրային չեմ խոսել»․ Ռուբեն Մելքոնյան

Ռուբեն Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպես ասում են, քանի էսքան անկեղծացել ենք, մի բացահայտում էլ ես անեմ: 2018 թ. սեպտեմբերից փակվեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում գործող «ադրբեջանագիտություն» կրթական ծրագիրը (մասնագիտացումը)….

Իմ բոլոր դիմումները և հարցումները պատասխանատու կառույցներին և անձանց մնացին անարձագանք և անարդյունք: Իմ զարմանքն ու հիասթափությունը հատկապես մեծանում էր, երբ ես ստիպված էի լինում պատասխանատուներին բացատրել պատերազմող երկրում ադրբեջանագետներ ունենալու կարևորությունը. մասնագետներ, որոնք պետք է տիրապետեին թշնամի երկրի լեզվին, պատմությանը, քաղաքականությանը և այլն: Հույսս կտրելով` ես իմ լիազորությունների շրջանակներում փորձեցի կոմպենսացնել խնդիրը` ադրբեջանագիտական առարկաներ ընդգրկելով արևելագիտության ֆակուլտետի այլ մասնագիտացումների ծրագրերում: Ահա ևս մեկ դրվագ կրթական գերակայությունների հանդեպ ներկայիս ապիկար կառավարության մոտեցումների վերաբերյալ:

Հ.Գ. Անցնող երկու տարվա ընթացքում այս մասին երբեք հանրային չեմ խոսել` հաշվի առնելով թեմայի զգայուն բնույթը և թշնամի երկրի մամուլի հնարավոր հետաքրքրությունը այդ հարցի հանդեպ, բայց ներկայումս ընթացող աղմկոտ բացահայտումների շքերթը, գերակա կրթական ուղղությունների հանդեպ շարունակվող դիլետանտ մոտեցումները, կրթական քաղաքականություն մշակող կառույցում ապազգային մտածողություն ունեցող որոշ պատասխանատուների շարունակվող առկայությունը` ստիպեցին հանրային խոսել այս մասին: Մեր պետականության հիմքերը խարխլած կարևորագույն գործոններից մեկը ապազգային մտածողությունն է, որը լիուլի և բացահայտ տարածված է նաև կրթական ոլորտում: Լուծումը` ապազգայինների հեռացում և կրթական գերակայությունների վերարժևորում:

Տեսանյութեր

Լրահոս