Ռազմական վարժանքներ մեզ էլ պետք չեն. երբ պետք էին, այդժամ զբաղված էինք Ծառուկյանին կալանավորելով
Պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանը նոյեմբերի 26-ին նախարարի պաշտոնում առաջին անգամ է մասնակցել այս Կառավարության նիստին ու ներկայացրել առաջին նախագիծը, որը չզեկուցվող էր։
Նորանշանակ նախարարի ներկայացրած նախագծով չեղարկվում է ռազմական վարժանքներ անցկացնելու վերաբերյալ Կառավարության՝ դեռևս սեպտեմբերի 3-ին ընդունած այն որոշումը, որով երկրում պետք է իրականացվեին պահեստազորայինների լայնամասշտաբ վարժական հավաքներ։
Այդ զորավարժանքները պետք է անցկացվեին երեք ամսով՝ սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը։ Վարժական հավաքներին պետք է ներգրավվեր ընդհանուր թվով 786 քաղաքացի, որոնցից 524-ը` շարքային, 82-ը` ենթասպայական, 180-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
Այդ վարժանքներին պետք է ներգրավվեին նաև մոտոհրաձգային մասնագիտությունով` 36 պահեստազորային` հրթիռա-հրետանային մասնագիտությունով` 31 պահեստազորային, կապի մասնագիտությունով` 71 պահեստազորային, ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագիտությունով` 14 պահեստազորային` տեխնիկական մասնագիտությունով` 27 պահեստազորային, թիկունքային մասնագիտությունով` 22 պահեստազորային, տեղագրական մասնագիտությունով` 7 պահեստազորային։
Հաշվի անելով դեռևս հունիսի 12-ին և դրանից հետո Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի՝ զեկույցն առ այն, որ այլևս մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան, հետևաբար՝ այդ պետությունների համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել, և անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժն ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն, կարելի է եզրակացնել, որ սեպտեմբերի 15-ից հայտարարված եռամսյա վարժանքները միտված պետք է լինեին հենց մեր ռազմական ներուժի բարձրացմանը, սակայն, ինչպես ասում են, ուրբաթը շաբաթից շուտ եկավ ու այդ վարժանքները չկայացան, քանի որ թշնամին Արցախի վրա հարձակվեց սեպտեմբերի 27-ին։
Եթե իշխանությունը հետևեր Օնիկ Գասպարյանի նախազգուշացմանը ու գիտակցեր թուրք-ադրբեջանական տանդեմից մեզ սպառնացող վտանգն ամբողջությամբ, այդ դեպքում, գուցե, հենց հունիսին հայտարարվեին այդ եռամսյա վարժանքներն ու հենց հունիսից երկիրը դրվեր պատերազմական ռելսերի վրա, բայց քանի որ հունիսին իշխանությունը զբաղված էր Սահմանադրական դատարանի՝ իր սրտի կազմով ձևավորելու, հետո էլ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու իր համար առաջնահերթ հարցերով (կալանավորվեց սեպտեմբերի 25-ին) ռազմական վարժանքներ անցկացնելու երկրի համար առաջնահերթ հարցերը մղվեցին ետին պլան ու չհասցրեցին պատրաստվել նախապես նախազգուշացված ու ակնկալվող պատերազմին, իսկ այդ չհասցնելու հետևանքը եղավ այն, որ պարտվեցին և հիմա համարում են, որ ռազմական վարժանքներ այլևս պետք չեն, թեև պատերազմի նոր վտանգների մասին նախազգուշացումներ էլի կան, այդուամենայնիվ Կառավարությունը պարզապես ուժը կորցրած ճանաչեց ռազմական վարժանքներ անցկացնելու վերաբերյալ դեռևս սեպտեմբերի 3-ին իր իսկ ընդունած որոշումը։