«Եթե Նիկոլ Փաշինյանը ունակ չէ օր առաջ ապահովել մեր քաղաքացիների վերադարձը, ապա պետք է գոնե այս անգամ ընդունի իր սխալը և առնվազն մանդատ տա այլոց»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական հարցերով նախկին խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իլհամ Ալիեւը շարունակում է ահաբեկչական հանցագործություններ իրականացնել

Այն, ինչ անում է պաշտոնական Բաքուն 44-օրյա պատերազմի հետեւանքով իր տարածքում հայտնված ՀՀ քաղաքացիների հետ ոչ այլ ինչ է քան ադրբեջանական Աբու Ղրեյբ ու Գուանտանամո: Միջազգային կոնվենցիաների աղաղակող խախտումներով շարունակվող պատերազմական հանցագործություններն այլեւս միայն Ալիեւի ու ադրբեջանի ժողովրդի պատասխանատվությունը չէ: Անգործության ու լռության համար պատասխանատու է ողջ միջազգային հանրությունն ու քաղաքակիրթ մարդկությունը, առաջին հերթին` այս հայտարարությունը բանակցած երրորդ պետությունը` Ռուսաստանը:

Այս պահին, Հայաստանի Հանրապետության, հատկապես արտաքին քաղաքականության թիվ մեկ օրակարգային խնդիրը Ադրբեջանի ահաբեկչական ձեռքերում հայտնված ՀՀ քաղաքացի ռազմագերիների ժամ առաջ վերադարձն է, զոհվածների դիակների փոխանակումն ու անհետ կորածների վերաբերյալ հստակեցումներ մտցնելը:

Մեր արտաքին գերատեսչությունը, դիվանագիտական առաքելությունները, հատկապես միջազգային կառույցներում մեր դեսպանները, խորհրդարանական դիվանագիտությունը, որեւէ ամբիոն չպետք է բաց թողնեն խնդիրը բարձրաձայնելու ու Ալիեւյան ահաբեկչական ռեժիմի իրական դեմքը ցույց տալու հարցում: Զուգահեռաբար, ներգրավելով սփյուռքի մեր կառույցները, Ադրբեջան պետությունն ու անձամբ Ալիեւին պետք է խայտառակ անել ամբողջ աշխարհում, 21-րդ դարում միջազգային մարդասիրական իրավունքի սահմռկեցուցիչ խախտումների ու պետական ահաբեկչության համար:

Այո՛, այս պատերազմը չի ավարտվել, եւ, եթե Նիկոլ Փաշինյանը պարտությունն ընդունելու հայտարարության փաստաթղթով ունակ չէ օր առաջ ապահովել մեր քաղաքացիների վերադարձը, ապա պետք է գոնե այս անգամ ընդունի իր սխալը եւ առնվազն մանդատ տա այլոց` լուծելու մեր ժողովրդի առջեւ ծառացած օրհասական այս հարցը»:

Տեսանյութեր

Լրահոս