«Եթե մի կողմում կանգնած է հակառակորդը, ոչ մի երաշխիք չի կարող լինել, թե վաղն ինչ կլինի»․ Գեղամասարի (Սոթք կենտրոնով) համայնքապետ

Երեկ մամուլը գրեց, որ ադրբեջանցիները կոտրել էն Քարվաճառի դարպասները և եկել Սոթքի ոսկու հանք: ՊՆ-ն և վարչապետի մամուլի խոսնակը սկզբում հերքեցին լուրերը, հետո դրանք հաստատվեցին: Այսօր մեր նկարահանող խումբը եղել է Գեղամասար համայնքում, որի կենտրոնը Սոթք գյուղն է, զրուցել համայնքապետ Հակոբ Ավետյանի հետ: Համայնքապետը նշել է, որ երեկ տեղի ունեցածն ընդամենը սահմանների ճշտում է եղել:

«Ընդհանրապես ինչ խնդիրներ ունեցանք, մենք ունեցանք պատերազմի ժամանակ: Ինչ պարտություն կրեցինք, ինչ տարածքներ զիջեցինք, դա արդեն ստիպված էինք, դրա մասին չեմ ուզում շատ խոսել: Իսկ երեկ ընդամենը սահմանների ճշտումներն էր, որը, դե պարզ է, այդ տարածքն  անցնում է Ադրբեջանին, դիրքավորվում են  և՛ մեր կողմը, և՛ հակառակ կողմը: Ընդամենը ադրբեջանցիների ներկայությունը եղել է կապված դրա հետ: Ուղղակի շատ մեծ խուճապ առաջացավ ժողովրդի շրջանում, որ թուրքերը, ադրբեջանցիները մտել են, գրավում են, առաջ են եկել, հես ա հասնում են գյուղ: Ես դրան պատասխանել եմ, որ այդ ձևի խնդիր չկա: Իրականում չկար այդպիսի բան, որ իրենք գան, գյուղերի մեջ ուզեն մտնեն, կամ որևէ դիվերսիա, հարձակում անեն, այդ տիպի չէր երևույթը: Երեկվա իրենց պահվածքում ոչ մի ագրեսիվություն չի եղել: Ճիշտ է՝ ես չեմ ասում, որ դրանով իրենք շատ բարի մարդիկ են, բարի գործ են ուզում անեն, բայց ընդամենը երեկվա իրավիճակը եղել է շատ նորմալ, իրենք եկել ու սպասում էին, որ իմանան՝ այնտեղ արդեն բանակցությունների արդյունքում ի՞նչ պետք ա լինի: Իրանք պատրաստ էին հետ քաշվեին, իրանց դիրքերում կանգնեին, որտեղ որ պետք ա»,- ասաց Ավետյանը:

Նա նշեց, որ այս պահին համայնքին որևէ վտանգ չի սպառնում, սակայն, թե հետագայում ինչ զարգացումներ կլինեն, դժվարացավ պատասխանել:

«Ամեն դեպքում մեր հակառակորդը, թշնամին այդքան էլ բարոյական չէ, բախտներս չի բերել, ամեն ինչ էլ միշտ տեսել ենք, սպասել ենք, զգուշությունը պետք ա»,- ասաց համայնքապետը:

Հարցին, թե ե՞րբ են իմացել, որ Սոթքի հանքավայրի մի մասն անցնելու է Ադրբեջանին, համայնքապետը պատասխանեց, որ հենց այն ժամանակ, երբ հայտնի է դարձել, որ Քարվաճառը տալիս են թշնամուն:

«Եթե Քարվաճառի տարածքն անցնում է Ադրբեջանին, դե, նախկինում այդ Քարվաճառի տարածքը որոշակի ոսկու հանքի սահմանները կիսում էր, էլի, համընկնում էր էդ տարածքի հետ, բնական է, որ էդ տարածքն անցնում է, ուրեմն մի մասն էլ անցնելու է մյուս կողմին»,- ասաց Ավետյանը:

Համայնքապետն ասաց, որ իրենց հայտնի չէ, թե հանքավայրի որքան մասն է մնալու Ադրբեջանին: Նրա խոսքով՝ վերջնական տեղեկություն կունենան այն ժամանակ, երբ արդեն գծվի սահմանագիծը: Սպասում են, որ այդ ամենը կանցնի խաղաղ պայմաններում: Հարցին, թե իրենց զգուշացվե՞լ էր, գրություն ուղարկվե՞լ էր, որ հանքի մի մասն անցնելու է Ադրբեջանին, որ իրենք էլ տեղեկացնեին բնակիչներին, համայնքապետը պատասխանեց.

«Իմ համայնքի վարչական սահմանների խախտում չի լինում, չկա, որ իմ համայնքի տարածքից մի մետր անցնում ա էն կողմ, որ դրա վերաբերյալ գրություն ստանայինք, որ մենք ինչ-որ տարածք ենք զիջում»,- ասաց նա և ավելացրեց, որ իր համայնքի վարչական տարածքում գտնվող հանքավայրը մնում է նույն կարգավիճակում:

Հարցին, թե ինչպե՞ս են կազմակերպվելու հանքավայրի աշխատանքները, Ավետյանն ասաց, որ դա կորոշվի բանակցությունների արդյունքում: Նա նշեց, որ հանքավայրում աշխատում է մոտ 1700 հոգի, 90 տոկոսը՝ Վարդենիսի տարածքից:

«Մեր տարածաշրջանի բնակիչները, եթե հանքը չաշխատեց, խնդիր կունենան, սոցիալական: Այդ աշխատավարձն իրենց ապրելու միջոցն է, որի հետ խնդիր կունենան: Մեծ մասը գնում, դրսերում են աշխատանք փնտրում, իսկ էդքան ընտանիքներ կարողանում են ապրել ստեղի աշխատանքով, աշխատավարձով»,- ասաց Ավետյանը:

Համայնքապետը հերքեց այն լուրերը, թե գյուղի բնակիչները որոշ քրեական հեղինակությունների ներգրավելով՝ կարողացել են շտկել իրավիճակը:

«Չկա տենց բան, եթե հարց լուծող էին, թող ժամանակին լուծեին»,- ասաց նա և ընդգծեց, որ, եթե ինչ-որ բանակցություններ են գնում, ապա դա արվում է պետական մակարդակով:

Երեկ նաև տեղեկություններ էին տարածվել, թե սահմանին տեղակայված են 700-ից ավելի ադրբեջանցի զինվորական, իսկ հայկական կողմից զինվորականները շատ քիչ էին: Այս մասին համայնքապետն ասաց.

«Այդ թվերը կոնկրետ թվեր չեն, միշտ չափազանցնում են: Ես չեմ ուզում իրավիճակը սարքենք նենց, որ խիստ լարված է, ինչ որ կա էս պահին, խաղաղ պայմաններում է, սպասողական վիճակում են երկու կողմերն էլ , որովհետև այդտեղ գնացող ոչ մեկը չի գնում ինչ-որ հարց լուծի, կամ պայմանագիր կնքի, կամ պետք է իրենցով որոշվի ինչ-որ բան: Բոլորն էլ գնում-գալիս են, բայց բոլորի մոտ սպասողական վիճակ ա, թե երկու կողմերի Կառավարություննները ոնց են որոշելու, ճշգրտումները ոնց կլինի»:

Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանն ասաց, որ հայկական բանակն է վերահսկում իրավիճակը, և եթե չվերահսկեր, կարող էինք այս պահին այլ պատկեր ունենալ: Երեկ 168.am-ի հետ զրույցում Ավետյանն ասել էր, որ եթե ադրբեջանցիները կարողացել են հասնել այդտեղ, ի՞նչ երաշխիք կա, որ չեն կարող  կրակել արդեն գյուղերի վրա: 168.am-ի հարցին, թե հիմա նման երաշխիքներ ստացե՞լ են, համայնքապետը պատասխանեց.

«Եթե մի կողմը կանգնած է հակառակորդը, ոչ մի երաշխիք չի կարող լինել, թե վաղն ի՞նչ կլինի, չգիտենք՝ ի՞նչ լարվածություն կլինի, ի՞նչ զարգացումներ կլինեն, կարա երկար ժամանակ նորմալ լինի, կարա իրավիճակը միանգամից փոխվի, բայց որ անմիջապես մոտիկ ա տարածքը, իրավիճակ փոխվելու դեպքում միանգամից կարող է անսպասելի բաներ շատ լինել: Երաշխիքներ ոչ ոք չի կարող տալ»:

Տեսանյութեր

Լրահոս