«Նիկոլ Փաշինյանի ցինիզմը սահմաններ չունի. աննամուս մարդ է, ինչ ասես». Կարեն Քոչարյան
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքով՝ Հայաստանի գործող իշխանություններն անմեղսունակ են:
«Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է, հայկական կողմն այլևս ոչ մի բանի չի մասնակցելու, ինչ ասեն՝ այն էլ անելու է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե մինչև տարեվերջ Լեռնային Ղարաբաղի բնակիչների մեծամասնությունը կվերադառնա իրենց բնակավայրերը, և իշխանությունը պատրաստվում է ստեղծել դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները, Կարեն Քոչարյանը հետևյալն ասաց. «Ես ճիշտն ասած՝ կառաջարկեմ, որ Նիկոլ Փաշինյանը՝ իր ընտանիքին՝ տիկին Աննայի գլխավորությամբ, մինչև դեկտեմբերի վերջ ուղարկի այդ 7 շրջաններում տուն վերցնեն, գուցե և ունեն, գուցե Արայիկ Հարությունյանը ժամանակին նվիրած լինի, գնան այդ տներում ապրեն: Թող ոչ մեկին կոչ չանի, թող ինքը օրինակ ծառայի, չէ՞ որ օրինակով մարդիկ պետք է հասկանան, որ այնտեղ անվտանգ է: Ինքը ամեն ինչը իր օրինակով էր անում՝ Աննային էր ուղարկում, Աշոտիկին էր ուղարկում, հիմա թող այստեղ էլ ուղարկի Աշոտիկին և Աննային, թող գնան ապրեն, օրինակ ծառայեն, որ մարդիկ հասկանան, որ անվտանգ է»:
Կարեն Քոչարյանն ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանը վաղուց կտրվել է իրականությունից, նրան ոչինչ ճիշտ չեն զեկուցում. «Նա չգիտի, որ իրեն գալու են ասեն՝ տղա ջան, դու ստորագրեցիր, դե հիմա գնա: Նրան առաջարկություն կանեն, որից նա չի կարող հրաժարվել: Որ պահին նա երաշխիք ստացավ՝ կգնա: Հիմա նա երկարաձգում է միայն և իր և իր ընտանիքի համար երաշխիքներ է ուզում, անգամ իր թիմակիցների համար երաշխիքներ չի ուզում: Որ պահին ստացավ այդ երաշխիքները՝ կթողնի-կգնա»:
Հարցին՝ հանրությունն արդյո՞ք ամբողջությամբ պատկերացնում է, թե ինչ է տեղի ունեցել, նա պատասխանեց. «Իհարկե ոչ: Այս հանրությունը վաղուց արդեն այնքան դեգրադացված է, որ չի էլ կարող պատկերացնել, մտքով անգամ չի անցնում՝ ինչ է տեղի ունեցել: Արմեն Գրիգորյանը, օրինակ, ասել էր, որ պետք է Կասկադում «Սմերչ» ընկնի, որ մարդիկ հասկանան, պետք է գան իրենց տներում իրենց բռնաբարեն, պետք է՝ ինչպես Մարտակերտի գյուղի բնակիներին են տներից հանում, այդպես այստեղ անեն, որ հասկանան, թե ինչ է կատարվում: Կան այդպիսի մարդիկ, որոնց ուղեղին բացարձակ ծալք չկա և միայն կենդանու բնազդով են ապրում: Կենդանին ո՞նց է՝ երբ ինքը վտանգ է զգում, միայն այդ պահին է ռեակցիա տալիս»:
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի ամբողջ կյանքը և աշխատանքային գործունեությունը կառուցված է ստի վրա. «44 օր այս ժողովրդին խաբեց, ասեց՝ հաղթում ենք: Անգամ վերջին վայրկյանին Շուշին արդեն հանձնել էր, բայց Ֆեյսբուքում գրում էր, թե Շուշիի համար մարտերը շարունակվում են: Իր ամբողջ կյանքը Ֆեյսբուքն է, դրա համար այն չի փակում: Որ օրը Ֆեյսբուքը չլինի՝ ինքը չի լինելու: Անգամ ամենադիմացկուն մարդը, եթե երկար քայլում է ու կանգ չի առնում, վերջում, միևնույն է, նստում է, որ հանգստանա»:
Ճշտեցինք՝ իսկ ե՞րբ կնստի Նիկոլ Փաշինյանը: «Երբ կասեն, երբ կասեն այն մարդիկ, ում մոտ նա ուղարկում էր անհայտ կորածների ծնողներին: Իրեն ինչ կասեն՝ կանի»,- ի պատասխան՝ ասաց նա:
Կարեն Քոչարյանը հավելեց. «Նիկոլ Փաշինյանի ցինիզմը սահմաններ չունի, աննամուս մարդ է, ինչ ասես»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում