«Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը կեսգիշերն անց թղթի վրա դրել է իր ստորագրությունը՝ գիտի, թե դրանով ավարտել է իր թշնամական աշխատանքն առ Հայաստան». Լարիսա Ալավերդյան

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ նախագահ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ ամեն անգամ, երբ Արցախի շուրջ պատերազմող կողմերը զինադադար էին հայտարարում, հստակ ասում էր՝ չի կարող գործել զինադադարի որևէ պայմանավորվածություն, եթե չլինի մոնիտորինգային հստակ մեխազնիզմ։

«Չկա այդ մեխանիզմը, անգամ այս մեկը, որը կայծակնային սկսեց իրականացվել, չունի այդ մոնիտորինգի մեխանիզմը, որով ասվում է, որ զինադադար է հայտարարվում։ Հակառակը՝ այսօր լսում էի, որ Էրդողանն ու Պուտինը նորից զրուցել են միասնական մոնիտորինգ անցկացնելու մասին։ Սկզբում մոնիտորինգի մեխանիզմներն են հաստատում, հետո նոր՝ զինադադարը։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը կեսգիշերն անց թղթի վրա դրել է իր ստորագրությունը և գիտի, թե դրանով ավարտել է իր թշնամական աշխատանքն առ Հայաստան և հայերի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լարիսա Ալավերդյանը։

Նա նաև ընդգծեց, որ որոշ բաներ հնարավոր է անել ու շտկել, եթե վարչապետի աթոռը զբաղեցնող անձը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, հրաժարական ներկայացնի։

«Նա ժամ առաջ պետք է հրաժարական ներկայացնի, քանի որ դա նախ և առաջ փրկություն է այդ անձի համար, որովհետև իր շարունակական մնալը կա՛մ անգործությամբ է հանցագործություն անելու, կա՛մ սխալ գործողություններով։ Դրա համար եմ ասում, որ պետք չէ շարունակել, պետք չէ կուտակել այդ մեղքերը, որքան շուտ նա դուրս գա, այնքնա քիչ կլինի այդ մեղքերը։ Այդ պայմանագրով Հայաստանը դարձնում են անջատ բոլոր սահմաններից, քանի որ Սյունիքի հետ սահմանն անցնում է ադրբեջանցիների հսկողության տակ։ Ես մերժում եմ այն տեսակետը, որ վարչապետն այդ քայլին գնացել է ոչ գիտակցաբար։ Կարծում եմ՝ 2018 թվականի ապրիլյան՝ կրկին կայծակնային իրադարձությունների նպատակը եղել է հենց այս ողբերգությունը, ինչպես կարելի է մեկ փաստաթղթում միավորել չմիավորվողը»,- շեշտեց նա։

Նա նաև վստահ է, որ հաջորդ անձը, որը կստանձնի Հայաստանի ու հայերի պաշտպանության գործը, ավելի շատ հիմքեր կունենա սառեցնելու ստորագրված պայմանագրի որոշ կետերի իրականացումը։

«Իմ մատնանշած մոնիտորինգը չկա, որի պարագայում էլ Ադրբեջանը չորս ուղղություններով շարունակում է խախտել այդ եռակողմ համաձայնությունը։ Մեր տվյալներով՝ նոյեմբերի 11-ին, երբ հրադադար էր՝ 11 մարդ Ադրբեջանի կողմից գերեվարվել է, Բերդաշենը այն փոքրիկ էպիզոդն է, որը ավելի հայտնի դարձավ, իրականում Բերդաշենի հետ զուգահեռ մի քանի գյուղերի հողերում են կանգ առել ադրբեջանցիները։ Աբսուրդ է, երբ եռակողմ համաձայնագիրն ավելի բարձր է գնահատում հողերի, քան գերիների ու պատանդների հանձնումը»,- ասաց Լարիսա Ալավեդյանը։

Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Այնուհետև ՌԴ-ի միջնորդությամբ Քարվաճառի հանձնումը երկարաձգվեց 10 օրով՝ մինչև նոյեմբերի 25-ը։ Նոյեմբերի 25-ին՝ Քարվաճառն ազատագրող Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, այնտեղից դուրս բերվեցին հայկական զորքերը։

Եռակողմ համաձայնագրի արդյունքում նաև՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:

Տեսանյութեր

Լրահոս