«Իշխանությունները կրկին ձեռքերը լվանում են՝ պոպուլիստական քայլերով». Լարիսա Ալավերդյանը՝ գերիների և անհայտ կորածների մասին

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ նախագահ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ գերիների, պատանդների հավաքագրման հետ կապված շատ դեպքեր կան, երբ տվյալներն են  լինում  հակասական, երբեմն նույն գերու համար կարող է մինչև 20 մարդ դիմել այդ հարցերով զբաղվող կառույցին։ Հետևաբար՝ այս ամենը մեծ ու մանրակրկիտ աշխատանք է պահանջում։

Ըստ Լարիսա Ալավերդյանի, Արցախի առաջին պատերազմի ժամանակ զոհվածների ընդհանուր թիվը ի մի է բերվել 2,5 տարվա ընթացքում։

«Մենք հընթացս հավաքում էինք սյուժե առ սյուժե՝ գերիների, պատանդների։ Ամենամեծ խումբը «Արաբոյի» ջոկատն էր, երբ մենք 1992 թվականին առնչվեցինք մեծ խմբով գերության մեջ հայտնված ազատամարտիկների հետ։ Հիմա պատկերը բոլորովին այլ է, ընդամենը 44 օրվա ընթացքում ունեցել ենք հազարավոր սպանվածներ, 10 հազարից ավելի վիրավորներ, և մեզ համար այսօր բացարձակապես անհայտ թիվ՝ զինգերիների, պատանդների և անհայտ կորածների»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց Լարիսա Ալավերդյանը։

Նա նաև շեշտեց՝ ադրբեջանական կողմը միշտ խոչընդոտել է ճիշտ տեղեկատվության հայտնաբերմանը։ Մինչև անգամ նախորդ պատերազմի ժամանակ նրանց մոտ էլ է եղել անհայտ կորածների մեծ թիվ, սակայն նրանց հայտնաբերելու համար Ադրբեջանը բավականաչափ շահագրգռված չի եղել։

«Այսօր ես ունեմ ուղղակի տեղից տեղեկատվություն, որ մինչև անգամ «Կարմիր խաչի» ադրբեջանական ներկայացուցչությունը ևս ամբողջական չի կատարում իր պարտականությունները, հակառակը, փորձում է  ձգձգել ժամանակը, որպեսզի զոհվածների մարմինների հանդեպ հասանելիությունն անհնարին լինի։ Ադրբեջանի ընդհանուր ձեռագիրն այն է, որ մարմինների ճանաչելիության, հայտնաբերման գործընթացը հետաձգի՝ իրականությունը թաքցնելու նպատակով։ Մեր կազմակերպության ներկայացուցչի հետ մենք այցելել ենք Ուլնեցի փողոցում գտնվող գերիների, պատանդների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման կենտրոն, կարող եմ ասել, որ գործընթացը հուսալի ձեռքերում է, գործը ղեկավարում է գնդապետ Վիտալի Ոսկանյանը։ Այդուհանդերձ արագ արդյունք շատ քչերը պետք է սպասեն, այսինքն՝ հստակեցված շատ քիչ տեղեկություն է լինելու, և տեմպը կախված է նրանից, թե «Կարմիր խաչին» Ադրբեջանի խոչընդոտող քայլերի հետ միասին, որքանով հասանելի կլինեն ողջերի ու զոհվածների մարմինների գտնվելու վայրերը»,- հավելեց Լարիսա Ալավերդյանը։

Իրավապաշտպան Ալավերդյանը միաժամանակ նկատեց՝ ստացվում է, որ գերիների, պատանդների և զոհերի մարմինների հայտնաբերման հիմնական պատասխանատվությունը դրված է Պաշտպանության նախարարության վրա, և ոչ միայն՝ նրանց տվյալների հավաքագրման, այլև՝ նրանց ծնողների հետ տարվող աշխատանքների առումով։

«Բայց այսպես չպետք է լիներ, Սոցապ նախարարության, Առողջապահության նախարարության և Կառավարության պատկան բոլոր մարմինների գործառույթն է, որոնք պետք է այդ ընտանիքներին առաջին իսկ օրվանից պահեին իրենց հոգածության ներքո։ Իշխանությունները կրկին ձեռքերը լվանում են՝ պոպուլիստական քայլերով»,- եզրափակեց նա։

Տեսանյութեր

Լրահոս