«Ի տարբերություն Փաշինյանի և իր դավաճան թիմի՝ Մանվելը հայ ժողովրդի պատմության մեջ կմտնի՝ որպես ազգային հերոս». Դավիթ Շահնազարյան
«Այսօր բոլորս սգում ենք, որովհետև մեզնից հեռացավ արցախյան ազատամարտի հերոսներից մեկը, ազատամարտի խորհրդանիշներից մեկը՝ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը: Մանվելը Փաշինյանի ռեժիմի առաջին զոհերից մեկն է, և դա փաստ է»,- Մանվել Գրիգորյանի հոգեհանգստի արարողությանը լրագրողների հետ զրույցում ասաց 1994-95թթ. ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1991-95, 1995-99թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանը:
Նա ընդգծեց. «Բարոյական ահավոր հարվածներ փորձեցին հասցնել նրան Փաշինյանը և իր հետ իշխանություն կազմող այդ ողջ ոհմակը, բայց դա չստացվեց: Նորից եմ կրկնում՝ Մանվել Գրիգորյանը Փաշինյանի ռեժիմի առաջին հալածվածներից և զոհերից մեկն է: Եվ մեր ժողովրդի, մեր պետության, ողջ հայ ազգի համար այս ճգնաժամային, ծանր պայմաններում սա ևս մեծ կորուստ է: Ի տարբերություն Փաշինյանի և իր դավաճան թիմի՝ Մանվելը հայ ժողովրդի պատմության մեջ կմտնի՝ որպես ազգային հերոս, որը նույնիսկ առողջական այս ծանր վիճակում մասնակցեց նաև այս պատերազմին»:
Դավիթ Շահնազարյանը հիշեցրեց՝ ինքը առաջիններից էր, որ պաշտպանեց Մանվել Գրիգորյանին և խստորեն դատապարտեց «այն ողորմելի հալածանքները, որ իրականացնում էր Հայաստանում իշխող ռեժիմը»:
Նա ասաց, որ նոյեմբերի 8-ի երեկոյան Մարտակերտում հանդիպել է Մանվել Գրիգորյանի որդուն՝ Կարենին, որն իր ջոկատի հետ այնտեղ էր. «Եվ հենց 8-ի երեկոյան զանգահարեցի, ինքը հիվանդանոցում էր, խոսեցի իր հետ, գիտեի, որ վիճակը մոտ է կրիտիկականին, լավ հիշում եմ՝ վերջին անգամ երբ եմ խոսել՝ նոյեմբերի 8-ի երեկոյան»:
Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ Մանվել Գրիգորյանն առաջին օրվանից կիսել է բոլոր այն տեսակետները, ինչ ունեցել են ինքն ու իր գործընկերները. «Նա կիսում էր այն, որ այս իշխանությանը դրսի ուժերը, որոնց մաս են կազմում Ադրբեջանը և Թուրքիան, Հայաստանում իշխանության են բերել, որպեսզի նա կատարի գործարքը՝ Արցախ՝ իշխանության փոխարեն: Եկեք դրանց հիմա մանրամասն չանդրադառնանք, բայց այս իշխանությունը իր սև գործը դեռ չի ավարտել, և ինչպես երբեք, մեզ հիմա պետք է ողջ հայության միասնություն: Ոչ միայն սրանց հեռացնելու համար, այլև այն ծանր, նոր մարտահրավերը, որ այս իշխանության վարած քաղաքականության արդյունք է, հաղթահարելու համար»: