Գարեգին Երկրորդը շնորհակալություն է հայտնել Պուտինին Ղարաբաղում հայկական ժառանգության պահպանման համար
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ուղերձ է հղել, որում երախտագիտություն է հայտնել Ղարաբաղում հայկական ժառանգության պահպանության ուղղությամբ ներդրած ջանքերի համար: Այդ մասին լուրն «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանից:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Ռիա-նովոստի» գործակալությունը, Գարեգին Երկրորդը բարձր է գնահատել ՌԴ իշխանությունների, մասնավորապես, Վլադիմիր Պուտինի ջանքերը ռազմական գործողությունների դադարեցման, հրադադարի ռեժիմի հաստատման և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման գործում:
«Ցանկանում ենք խորը երախտագիտություն հայտնել անձամբ Ձեզ Ադրբեջանին հանձնվող տարածքներում հայ ժողովրդի պատմական ժառանգության՝ պատմական վանքերի, եկեղեցիների և մշակութային հուշարձանների պահպանման գործում ներդրած ջանքերի համար»,- ասված է ուղերձում:
Մասնավորապես, Կաթողիկոսն ընդգծել է, որ ռուս խաղաղապահների տեղակայման շնորհիվ հաջողվել է ապահովել Դադիվանքում եկեղեցական ծառայությունը:
«Մեր ժողովուրդը մշտապես կհիշի Ռուսաստանի կարևոր դերն արցախյան հողում արյունահեղության դադարեցման գործում և աղոթելու ենք հայ-ռուսական բազմադարյա բարեկամության անսասանության համար»,- ընդգծել է Գարեգին Երկրորդը: