«Ավրորա»-ն հստակեցնում է Արցախի բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու կարգը
«Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է հստակեցնել Արցախի այն բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու կարգն ու չափանիշները, որոնք տուժել են պատերազմի ընթացքում եւ հիմա գտնվում են Արցախի կամ Հայաստանի տարածքում: Այս մասին հաղորդում են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժնից։
«Հիշեցնենք, որ [email protected] էլ. հասցեին նախագծերի հայտերի ընդունումը բաց է նոյեմբերի 18-ից, եւ այս ընթացքում արդեն 130-ից ավելի հայտ է ստացվել: Հինգ նախագիծ արդեն հաստատվել է, սկսվել է դրանց ֆինանսավորումը՝ ընդհանուր 30.050 ԱՄՆ դոլար: Այս փուլում «Ավրորան» որոշում է կայացրել աջակցել տեղերում աշխատող բարեգործական, ինչպես նաեւ պետական եւ ոչ կառավարական կազմակերպություններից ստացված հայտերին, որոնք զբաղվում են Հայաստանի եւ Արցախի բնակիչներին օգնություն տրամադրելով:
«Ավրորան» նաեւ հստակեցնում է Արցախի Մարտակերտի շրջանի յոթ բնակավայրերի բնակիչների օգնության ծրագրում արված փոփոխությունները, որոնք ստիպված էին անհապաղ լքել իրենց տները: Այս կապակցությամբ որոշում է կայացվել նրանց տեղավորել հենց Արցախի Մարտակերտի շրջանում, համաձայնեցված 10.000 ԱՄՆ դոլարի աջակցությունը կուղղվի ոչ թե տրանսպորտային եւ լոգիստիկ խնդիրների լուծմանը, այլ կենսական նշանակության մարդասիրական աջակցությանը, որի տեսակն այժմ հստակեցվում է:
Մինչեւ նոյեմբերի 20-ի ավարտը կհայտարարվեն հաստատված նոր նախագծերը, որոնք ուղղակիորեն աջակցում են Արցախի բնակչությանը: Հայտերի ընդունումը շարունակվում է [email protected] էլեկտրոնային հասցեով»,- ասվում է հաղորդագրության մեջ: