«Ես շատ ինֆորմացիաների եմ տիրապետում, իմ գրառումները կարող են վտանգավոր թվալ, և փորձեն ինձ հետ հաշվեհարդար լուծել». Իզաբելլա Աբգարյան

«Ես տարիներ շարունակ շատ ինֆորմացիաների եմ տիրապետում, այդ ինֆորմացիային բոլոր վերլուծող մարդիկ տիրապետում են. հասկանում եմ, որ իմ գրառումները, թե մի կողմին, թե մյուս կողմին կարող են վտանգավոր թվալ, և փորձեն ինձ հետ հաշվեհարդար լուծել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Իզաբելլա Աբգարյանը՝ պատասխանելով հարցին, թե իր հանդեպ որևէ սպառնալիք եղե՞լ է, որ ֆեյսբուքյան էջում գրել է՝ «Իմ գլխից մի բան պակասի, ամբողջ իմացածս կհրապարակեն մարդիկ, ում մասին չգիտեք»:

Նշենք, որ Աբգարյանը ֆեյսբուքյան էջում դիմելով վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանին՝ գրել է.

«Մանե Գևորգյանը կարա՞ ինձ հիմա ասի, թե ինչի էր ինքը ինձ աշխատանքի ընդունման հարցազրույց անում սրճարանի վերնահարկում՝ չլինելով այն ժամանակ կառավարության անդամ…»:

Հարցին՝ ինչո՞ւ էիք գնում Մանե Գևորգյանի հետ հանդիպման՝ իմանալով, որ նա կառավարության անդամ չէր, Իզաբելլա Աբգարյանը պատասխանեց.

«Ես չգիտեի՝ ինչ է տեղի ունենալու, ով է հանդիպելու, դրա համար էլ գնում էի: Հանդիպումն ավարտվեց նրանով, որ ես, բնականաբար, այդ աշխատանքը չստացա, բայց հարցն աշխատանքի մասին էլ չէր, հարցն ընդհանուր ավելի կարևոր էր, ինչի մասին ես այդ օրը Մանե Գևորգյանին էի ասում, որ ինչը չի կարելի թույլ տալ, որ հանկարծ տեղի ունենա, տեղյակ է եղել նաև Էդուարդ Աղաջանյանը, բայց այս փուլում ես փակագծեր չեմ բացի… Ես տեսնում եմ, որ շատ վատ վիճակ է, ես վախենում եմ իմ պետության ապագայի համար, որ փողոցում արյուն կարող է թափվել»,- ասաց Աբգարյանը, հավելելով, որ այդ ենթադրյալ աշխատանքը կապված էր տեղեկատվության հետ՝ «ճիշտ տեղեկատվական հոսքերի հետ, այդ թվում՝ նաև արտաքին աշխարհի հետ ճիշտ հարաբերվելու»:

Անդրադառնալով նոյեմբերի 10-ին հայտնի հայտարարությունը ստորագրելուց հետո շրջանառվող վարչապետի հրաժարականի մասին պահանջին՝ Աբգարյանն ասաց.

«Ես կարծում եմ՝ վարչապետը պետք է հեռանա, երբ կկարողանա ապահովել, որ Երևանի փողոցներում լինի հանգիստ, Երևանի փողոցներում չլինեն անախորժություններ, որ կարողանա պահի սահմանադրական կարգը, այդքան ժամանակ չի կարող պետությունն առանց գլխի մնալ, ես դա հասկանում եմ, և վարչապետը հենց պետք է հասկանա: Իմ այսօրվա գրառումներն ուզում եմ առաջին հերթին վարչապետը կարդա, եթե նա այդ ամեն ինչից տեղյակ չի եղել, թող տեղեկանա ու միջոցներ ձեռնարկի: Ես ուզում եմ Էդուարդ Աղաջանյանն էլ հիշի այդ զրույցը, ուզում եմ, որ թե Նիկոլ Փաշինյանն իմանա՝ ինչ էր տեղի ունեցել, եթե ինքը տեղյակ չի եղել այդ ամենի մասին, թե Էդուարդ Աղաջանյանը հիշի, թե ինչու էի ես իրենց ասում այդ ամենը, ինչու էի վտանգները ցույց տալիս, որոնք պետության համար կարող են վտանգավոր լինել, և որոնք մենք այսօր տեսանք»:

Դիտարկմանը՝ Ձեր խոսքից տպավորություն է ստեղծվում, որ Արցախի, «հողեր հանձնելու» մասին է այդ ժամանակ խոսվել, Աբգարյանը ասաց.

«Հայաստանի Հանրապետության անվտանգության մասին է խոսվել»:

Ավագանու նախկին անդամից հետաքրքրվեցինք, թե արդյոք անհրաժեշտություն տեսնո՞ւմ է ոստիկանություն դիմելու, նա բացասական պատասխան տվեց.

«Ոչ, չունեմ նման անհրաժեշտություն, և իմ գրառումները հենց դրան են միտված նաև, որպեսզի ես կարողանայի ապահովել իմ անվտանգությունը: Ինձ կարդում են ոչ միայն Հայաստանում, ինձ կարդում են շատ մարդիկ, ինձ կարդում են նաև ոստիկանությունը, ԱԱԾ-ն, և այդ գրառումով ես նաև փորձում եմ հենց ապահովագրել իմ հետագայի համար, որովհետև այն, ինչ ես հիմա տեսնում եմ, ես տարբեր մարդկանց ասել եմ զրույցներում, և կարող է հիմա այդ մարդիկ իմ ասածներն ասեն, որ այսպես բան կա, և դա իմ դեմ շուռ գա, դրա համար ես սա պետք է ասեի հանրային, բաց, որպեսզի մարդիկ էլ իմանան այդ ամենը, և եթե ինձ հետ իսկապես փորձեն ինչ-որ հաշվեհարդար լուծել, հասկանան՝ որտեղից է դա»,- եզրափակեց Աբգարյանը:

Հ․Գ․ Վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցին և մեկնաբանել Իզաբելլա Աբգարյանի գրառումը՝ ասելով, որ հարցերն ուղղենք հենց Իզաբելլա Աբգարյանին:

Տեսանյութեր

Լրահոս