«Եթե 2.5 տարին չլիներ, շատ ավելի ծանր կլիներ իրավիճակը, և մենք այսօր կկորցնեինք ամբողջ Արցախը». Հայկ Սարգսյան

Ընդդիմադիր Հայկ Սարգսյանն ի՞նչ կաներ, եթե Սերժ Սարգսյանն Արցախի կապիտուլյացիայի  փաստաթուղթ ստորագրեր. խորհրդարանում պատասխանելով 168.am-ի լրագրողի հարցին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը նշեց.

«Ես ձեզ ասեմ՝ վերջին 20 տարին նախկին իշխանությունները դուրս են եկել-գնացել, բոլոր տեղերը պայմանավորվածություններ են ձեռք բերել, և դրա մասին չի ժխտում նաև Սերժ Սարգսյանը, հարցազրույցում դրա մասին ասում է, որ մի դեպքում՝ 7 տարածքներ, հետո՝ 5+2, որ պետք է վերադարձվի,  և իրենք 20 տարի, այդ կառույցը, շենքի օրինակով բերեմ,  այդ բանակցությունների շենքն իրենք կառուցել են այդ ուղղությամբ:

Իրենք 20 տարի շենքը կառուցել են ծուռ՝ այդ ուղղությամբ, որ պետք է 7 տարածքները հանձնվի, Սերժ-Սարգսյանը դրա մասին հաստատել է բազմիցս, և ոչ մեկը չի ժխտում:

Ինչ տեղի ունեցավ 2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը և ժողովուրդը եկավ իշխանության, ի՞նչ սկսեցին նրանք ասել՝ այ, հողատուները եկել են և հողերը հանձնելու են, այ,  հես ա կտենաք՝ հանձնելու են, և իրենց միակ խոսքը և պնդումը դա  է եղել, որ՝ այ, կտենաք, որ հես ա հանձնելու են:

Իրենք 20 տարի բերել են, պրոցեսը նախապատրաստել են, հասցրել են այն փուլի, որ պետք է հողերը հանձնվի,  և Սերժ Սարգսյանը նաև մեկ անգամ հայտարարել է, որ վերջին պահին, որ պետք է 7 շրջանները հանձնվեր, ամենավերջին պահին Ադրբեջանի ներկայացուցիչը հրաժարվել է ստորագրել»:

Անդրադառնալով պատճառներին, թե ինչու են իրենց, գալու առաջին իսկ օրվանից, համարում «հողատուներ», Հայկ Սարգսյանը նշեց. «Ինչո՞ւ իրենք բոլորը առաջին օրվանից իրենց գնալուց հետո հայտարարեցին, որ  այս իշխանությունները եկել են հող տալու, որովհետև նրանք բանակաշինությամբ չէին զբաղվել, ամենասերժահաճո, ամենառոբերտքոչարյանահաճո բանակային գործչին հարցրեք՝ ի՞նչ է տեղի ունեցել Արցախում վերջին 2 տարվա ընթացքում, և համեմատեք վերջին 20 տարվա ընթացքում:

Զինված ուժերից հասկացող բոլոր անձինք ասում են, որ այս ընթացքում ինչ որ կռվել ենք, դա եղել է Նիկոլի զենքը, և եթե 2.5 տարին չլիներ, շատ ավելի ծանր կլիներ իրավիճակը, և մենք այսօր կկորցնեինք ամբողջ Արցախը: Չի՛ կարելի այդ ժառանգության վրա աչք փակել:  Ժառագությունը եղել հետևյալը, որ պետք է  7 շրջանները հանձնվեն, Սերժ Սարգսյանը պատրաստ է եղել ստորագրել, չի ստորագրել»:

«Ու դրանից հետո ինքը փոխանակ ասեր, որ նման պայմանավորվածություն ունեմ, ժողովուրդ ջան, և այսպիսի փաթեթ եմ հանձնում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, նա հայտարարել է, որ՝ այ, կտեսնեք, հես ա հանձնելու են. ինչո՞ւ է այդպես վստահ»,- ասաց պատգամավորը՝ այդպես էլ չպատասխանելով  լրագրողի դիտարկմանը, թե՝ եթե տեսաք վատ ժառանգություն է, չստանձնեիք:

Նա հավելեց. «Մեզ շարունակ երկուսուկես տարի մեղադրել են սորոսական, հակառուսական լինելու մեջ»:

Լրագրողի հարցին, թե տեղին չե՞ն եղել մեղադրանքները, Հայկ Սարգսյանը պատասխանեց.  «Տեղին չեն եղել, և այդ մեղադրանքներն են պատճառը եղել, որ նաև ռուս հանրության շրջանում այս լուրերը սկսել են շրջանառվել,  որ Հայաստանի իշխանությունները հակառուսական են, սորոսական են:

ՀՀ իշխանությունները երբեք չեն եղել հակառուսական, հարաբերությունները եղել են իդեալական ռուսների հետ և շատ ավելի լավ, և գնալով ավելի են լավանալու հարաբերությունները:  Որ մեղավորներ եք փնտրում, խնդրում եմ, մեղավորներ փնտրեք այն մարդկանց մեջ, ովքեր փորձել են խզել հայ-ռուսական հարաբերությունները ստահոդ ինֆորմացիաներով:

Ինչպես Դուք նոր ասեցիք (դիմում է լրագրողներից մեկին), որ ես 1500 դոլարանոց մայկա եմ հագել, այ նման սուտ ինֆորմացիայով… Ես հիմա պատրաստ եմ հարյուր դոլարի դիմաց այդ մայկան տալ ձեզ, ես էդ 1500 դոլարանոց մայկան պատրաստ եմ 100 դոլարի դիմաց հանձնել ձեզ:

Այ նման ստերով հասարակությանը փորձում եք տրամադրել, բայց ի պատիվ մեր ժողովրդի, մեր ժողովուրդը ամեն ինչ լավ գիտակցում է, մեր հասարակությունը լավ գիտակցում է, ու լավ հասկանում՝ ինչ է տեղի ունեցել ՀՀ-ում»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը չպատասխանեց նույն լրագրողի հարցադրումներին, թե էդ դեպքում ինչո՞ւ էիք փակում ռուսական հեռուստատեսությունները Հայաստանում, և թե  Սևանում կորոնավիրուսի պայմաններում «տժժալն» է՞լ էր սուտ:

Տեսանյութեր

Լրահոս