«Մենք Հանրային Ռադիոյի շենքում որևէ պատուհան չենք ջարդել». Հայկ Սարգսյան

«Ինչ է տեղի ունեցել ՀՀ-ում,  ես ուզում եմ ավելի փակագծերը բացել,- լրագորղների հետ ճեպազրույցն այսպես սկսեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, ապա  մի քանի մանրամասն հայտնեց նոյեմբերի 10-ին տեղի ունեցած հայտնի իրադարձություններից,- Իմ գործընկեր Արթուր Մանուկյանը՝ Գագիկ Ծառուկյանի փեսան, և Գագիկ Ծառուկյանի մյուս փեսան՝ Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանը,  թանկարժեք մեքենաներով,  համարները հանած՝ գիշերը գալիս են Կառավարության շենք, և ըստ վկաների պնդման՝ նաև իրենց հետ բերում են մեծ թվով անձանց, ովքեր ներսում կատարում են անհարիր և վատ արարքներ, քրեորեն հետապնդելի:

Ես որոշ հոլովակներում նրանց նկատել եմ, իհարկե, իմ կողմից նշված Գագիկ Ծառուկյանի երկու փեսաները  որևէ բան չեն ջարդում, բայց ակնհայտ է, որ կազմակերպչական աշխատանքներ են տանում:

Անկեղծ ասած, ես մյուս փեսային չեմ ճանաչում, բայց իմ գործընկեր Արթուր Մանուկյանին  ճանաչում եմ  և, անկեղծ ասած՝ իրենից չէի սպասում, և շատ լավ հարաբերություններ եմ ունեցել նրա հետ»:

Հայկ Սարգսյանը հավելեց՝ խնդիրն այն է, որ հիմա մենք ունենք լուրջ խնդիրներ Արցախում, Ստեփանակերտում ունենք  բազմաթիվ կոտրված պատուհաններ, ապա նկատեց. «Ես շատ կցանկանայի, որ այդ կազմակերպված խումբը, ինչպես եկավ և պատուհաններ ջարդեց կառավարության շենքում, այդ նույն ձևով և ավելի լավ կազմակերպված՝ գնա Արցախ  և փորձի այնտեղ պատուհաններ վերականգնել, որպեսզի մեր երեխաները մանկապարտեզներում, դպրոցներում, հիվանդանոցներում կամ իրենց տներում  չմրսեն:

Մենք բոլորս պետք է հիմա լծվենք մի գործի՝ որպեսզի արցախցիներն իրենց ապահով զգան, մեր երեխաները չմրսեն:  Չի՛ կարելի Երևանի կենտրոնում՝ մտնել Կառավարության շենք կամ ԱԺ շենք, ջարդել պատուհաններ և զբաղվել կամ առնվազն չխոչընդոտել նման գործունեությանը»:

Դիտարկմանը, թե դուք Ռադիոտան աշխատանքներին չէի՞ք խոչընդոտում 2018 թվականի հայտնի քաղաքական իրադարձությունների ժամանակ, երբ Հանրային Ռադիոյի շենք էիք մտնում, պատգամավորն արձագանքեց.  «Մենք Հանրային Ռադիոյի շենքում որևէ պատուհան չենք ջարդել»:

«Դո՛ւռ եք կոտրել»՝ լրագրողների հիշեցմանն ի պատասխան՝ նա նշեց. «Դա ուրիշ դեպք է, կներեք»:

Լրագրողների մյուս հիշեցմանն էլ, թե սև ժապավեններ էիք պատգամավորների անուններով  սարքում, նա պատասխանեց.   «Ես նման բան չեմ հիշում»:

Տեսանյութեր

Լրահոս