Մի դավաճանեք ոչ ձեզ, ոչ ձեր ընտանիքը, հատկապես երկրին․ Գեղամ Մանուկյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ ելույթի իր խոսքում ՀՅԴ անդամ, լրագրող Գեղամ Մանուկյանը դիմեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին։

«Երեկ՝ նոյեմբերի 15-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրությունից հետո եղավ 2 պատգամավոր՝ Թագուհի Թովմասյանն ու Գայանե Աբրահամյանը, ովքեր հայտարարեցին «Իմ քայլը» դաշինքից դուրս գալու մասին։ Տարբեր առիթներով Գայանե Աբրահամյանի հետ միջազգային տարբեր համաժողովներում, այդ թվում՝ Թուրքիայում, երբ մեր շահը պաշտպանել ենք, ունեցել ենք մի կարևոր հաղթաթուղթ՝ մենք հաղթող երկրի ներկայացուցիչներն էինք։ Դրա համար մեր պատգամավորները՝ հանգուցյալ Վահան Հովհաննիսյանը, Նաիրա Զոհրաբյանը, Լիլիթ Գալստյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, այն ժամանակ Բաքու էին գնում՝ առանց մի վայրկյան կասկածելու, որովհետև իրենք հաղթող երկրի պատգամավորներ էին։ Ես դիմում եմ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին․ շատերի հետ ճանապարհ ենք անցել․ Միքայել Զոլյան՝ հայրդ արցախյան պայքարի առաջին օրերից եղել է առաջին մարտիկներից մեկը, ով մինչև վերջ պայքարել է։ Դու տարբեր համաժողովներում ներկա ես եղել, հպարտ ես եղել, որ հաղթած երկրի պատգամավոր էիր, ո՞ւր է քո ձայնը։ Դիմում եմ Հովհաննես Հովհաննիսյանին՝ ասելով նույնը քեզ։ Դիմում եմ «Իմ քայլը»-ի բոլոր պատգամավորներին, հատկապես  Արգիշտի Մեխակյանին․ քո հայրիկի՝ Մեխակ Մեխակյանի նահատակությամբ մեր մարտիկները Ջաբրայիլ են ազատագրել։

Իր հիշատակին են քաղաքի անունը դրել։ Մանդա՞տն է կարևոր, թե հիշատակը։ Դիմում եմ Սասուն Միքայելյանին․ քեզ բոլորը կոմանդիր են ասում, գիտեմ՝ վիրավոր ես, արագ ապաքինում, բայց Էդմոն Մարուքյանի վրա հարձակվելը հայրենիք պաշտպանել չէ, երկիրդ դավաճանից ազատել չէ։ Քո խոսքին եմ սպասում։ Դիմում եմ բոլոր իմքայլական պատգամավորներին․ մենք չենք անելու այնպես, ինչպես դուք արեցինք 2 տարի առաջ․ չենք հրապարակելու ձեր հասցեները, չենք վատաբանելու, նույնիսկ չենք սուլելու։ Վաղն ԱԺ մուտքը մենք բաց ենք պահելու, չենք գալու, որ դուք հանգիստ, պաշտպանված մտնեք ԱԺ, բայց խնդրում, պահանջում ենք՝ կանգ առեք, դուք դեռ երիտասարդ եք, վաղն այս քաղաքում քայլելու եք, այնպես ապրեք, որ ձեր ծնողները հպարտանան, որ զավակն ունենա արժանապատվություն։ Մի դավաճանեք ոչ ձեզ, ոչ ձեր ընտանիքը, հատկապես երկրին։

Նոյեմբերի 18-ին հավաքվելու ենք այստեղ՝ իրենցից հաշիվ ստանալու։ Կամ արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը գնացել է, կամ կրկին կպահանջենք՝ «Նիկոլ հեռացիր»,- նշեց Գեղամ Մանուկյանը։

Տեսանյութեր

Լրահոս