«Սիրելի ԱԱԾ, ձայնդ չի լսվում, սպեցնազի տղերք, զոհեր ունեք, թասիբ ունեք, սպայի պատիվ ունեք, պարոնայք ոստիկաներ, ձեր ընկերներին ոնց թաղեցին․ չթողեցին, որ հրապարակվի լուրը»․ Գեղամ Մանուկյան
«Մեր թշնամին միայն թուրքն է։ Այո, մենք ունենք մեկ թշնամի, և դա թուրքն է։ Ցավոք, անցնող 2,5 տարիներին մեզ ուրիշ բան ասացին։ Մեզ ասացին՝ այդ թուրքերի ղեկավարը կիրթ է, հարցը լուծմանը պատրաստ է, տեսեք՝ ինչքան քիչ է կրակում, առաջնագծում քիչ զոհեր ունենք, սկսել էին թվերի վրա մանր հաշվարկ անել՝ այս թվին այսքան տոկոս ավելի քիչ զոհ ունենք։ Փորձում էին բթացնել մեզ, մեր հասարակությանը՝ ինչպես իր պատգամավորներից շատերը՝ տարիներ շարունակ բազմաթիվ հասարակական կազմակերպություններով մեր ինքնապաշտպանական ջիղն էին ուզում բթացնել, թուրքից եղբայր էին ուզում սարքել ու ներկայացնել։ 2,5 տարի շարունակ մեր ազգային հենասյուները փորձեցին կտրել։ Եկեղեցու վրա գրոհեցին, եկեղեցին պաշարեցին, այն բանակ չծառայած կրթության նախարար Արայիկ Հարությունյանը դպրոցից եկեղեցական էր հանում, բա հիմա որ կամուֆլյաժով նկարվում եք, բա ինչո՞ւ հայոց բանակում հարյուրավոր գնդերեցների չէիք ասում՝ զինվորների կողքից հեռացեք, թե՞ հասկանում էիք, որ գնդերեցի, եկեղեցու խոսքը, ազգային խոսքն արժեք ունի, ձերը գրոշի արժեք չունի։ Հիմա առավել ևս չունի»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ ելույթի իր խոսքում ասաց ՀՅԴ անդամ, լրագրող Գեղամ Մանուկյանը։
Ապա խոսքն ուղղելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ շարունակեց.
«Մի պահ երեկոյան մի բաժակ կոնյակ, գինի կամ օղի, որ շատ հաճախ է լինում սեղանին դրված՝ մի պահ մտածիր, առնվազն դիմացիդ պատգամավորները քեզ հավատացի՞ն։ Նայեք, դահլիճում այդ պատգամավորները հեռախոսներով էին զբաղված։ Մի քանի օր շարունակ այս հրապարակում, ՀՀ-ում, նրա սահմաններից դուրս ի՞նչ են կոչում Նիկոլ Փաշինյանին։ Գիտեք, անկեղծ եմ ասում՝ նույնիսկ դավաճանություն անելիս պետք է գիտակցություն ունենալ։ Երեկվա իր գրառումից, այսօրվա հարց ու պատասխանից, ԱԺ ելույթից հետո մտածեցի՝ միգուցե Նիկոլ Փաշինյանի հրաժարականը չպահանջենք, այլ պահանջենք լոկ մեկ բան․ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից պահանջենք միջգերատեսչական հոգեբանների հանձնաժողով՝ լիարժեք եզրակացություն տալ ՀՀ վարչապետի առողջական վիճակին, որովհետև չի կարող նորմալ մարդը, երբ հրապարակվում է Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի նախագահների և վարչապետի համատեղ հայտարարությունը, նորմալ մարդը երկու ուղի ուներ, մեկը՝ արցունքն աչքերին ասեր՝ ժողովուրդ, չկարողացա, բայց խոստանում եմ մի բան անել, երկրորդ ուղին, որ արժանապատվության գագաթնակետն է, իշխանությունը վերջին 2 ամիսներին շատ էր խոսում Կարսի ամրոցը հանձնելու մասին, չի կրկնվելու, էն էլ ոնց կրկնվեց։ Ավելի վատը եղավ, որովհետև Կարսի ամրոցը հանձնելուց հետո գնդապետ Մազմանյանը, ինչպես վայել է արժանապատիվ մարդու, ատրճանակը քունքին ուղղեց՝ իր, հետո՝ ժողովրդի արժանապատվությունը մաքրելու համար։ Մեր երկրի վարչապետը ժպտալով էր խոսում,ամոթն էր բացակայում այդ պահին։ Անցած 2,5 տարիներին՝ ազգայինի դեմ արշավում, նկատած կլինեք՝ բոլոր մեծ տոնակատարություններին Անկախության, Հանրապետության օր լինի, Երևանի օր լինի, իրենց սիրած Քաղաքացու օրը մի հատ ազգային, հայրենասիրական երգ չէին հնչեցնում։ Իրենց սիրած տեխնոներն էին, որ հնչում էին Երևանում, իրենց սիրած սատանայական երաժշտությունն էին մտցրել մեր ավանդական Գյումրի»։
Գեղամ Մանուկյանի խոսքով՝ 2,5 տարիների ընթացքում շարունակվեց անհանդուրժողականությունը, մեկը մյուսին թիրախավորելը։
«Ատելությունն այնքան է լցվել փողոց, որ այլևս սահման չունի։ Սոցիալական ցանցերում այսօր սահման չկա, փողոցում չկա։ Ատելությունը կազմաքանդումն էր, որ նրանց մտքում էր։ Անցնող մի քանի օրերին բոլոր քաղաքական հակառակորդներին, առանց աչք թարթելու, լոկ մեկ քաղաքական պատվերով՝ բռնեք, նստացրեք, չի ստացվի՝ վաղը, մյուս օրը բռնեք։ Առաջին օրվա հանրահավաքից հետո, երբ հրավիրեցին ԱԱԾ, նայում էի քննիչներին, ամեն մեկը մեզնից մեկն էր, զրուցում էինք, մեկը հարազատ էր կորցրել, մյուսը վիրավորվել էր, ասում եմ՝ տղերք, լավ, բայց դուք անում եք այդ պատվերը։ Հատուկ քննչական ծառայությանը, Սասուն, հատուկ քեզ, փոխվելու է իշխանությունը, հազարավորները հայրիկիդ մասին լավն են ասել, լավ վճիռների մասին են ասել, պատկերացնո՞ւմ ես՝ քո մասին ինչեր են ասելու։
Անցած օրվա հանրահավաքին բոլորին նույն ժամին կանչել են ՀՔԾ, իրենք էլ են անկեղծ ասում՝ տղերք, բան չունենք հարցնելու, պարզապես 1 ժամ պետք է մնաք, նոր գնաք։ Արթուր Վանեցյանը, մյուսների հետ, այստեղ պետք է լիներ, բայց նորից կանչել են ԱԱԾ։ Լավ, ինչքա՞ն։ Քննիչներ, ոստիկանություն, մենք գիտենք, որ դուք մեզանից մեկն եք։ Ն․Փաշինյանը ձեզ էլ քուն ու դադար չի տվել, ամեն քննիչ 15-20 գործ է քննում։ Խոհանոցում, երբ խոսում եք՝ առնվազն ձեր կնոջ ներկայությամբ ասում եք՝ էս ի՞նչ են անում, էս ինչքան անարդարություն։ Այսօր ԱԺ-ում․․. հիմա էլ ուզում եմ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկել։ Նիկոլ Փաշինյան, դիմացը նստել ես, բաժակ ես բարձրացրել զավակների համար․ լավ, այդքան մանրախնդի՞ր։ Առավոտից գիշեր տանում եք ԱԱԾ, ՀՔԾ: Լավ, հասկացանք, մանդատը ինչ են անելու, որ դրանից էլ եք ուզում զրկել»։
Գեղամ Մանուկյանը հիշեցրեց՝ «2018թ. տմարդի որևէ քայլ, որ դուք արել եք, սուտ բոլոր քայլերը որ արել եք՝ գնացել եք սրբապղծության, Ռոբերտ Աբաջյանի՝ ում ծննդյան օրն է այսօր, կեղծ պապին եք բերել՝ մարդկանց խաբելու համար, ծաղկեպսակներ ու սև ժապավեններ եք կախել երիտասարդ մարդկանց տների մոտ, սպառնացել, սուտ լուրեր եք տարածել, դա մնացել է անցյալում, ձեր հետ եկել, ձեր հետ գնալու է։ Սև ու սպիտակ չենք դնելու, ձեզ նման կեղծ մեղադրանքներով այսուհետև որևէ իշխանություն մարդկանց բանտերը չի մտցնելու, մահամերձ չի դարձնելու, չի արժեզրկելու մեր երկրի հերոսներին, որովհետև մենք դաս ենք քաղել, բոլորը տեսել են, թե ոնց կարելի է 2,5 տարում ազատագրված Արցախը կորցնել։ Հիմա էլ ամեն քայլափոխի մեղադրում է բոլորին՝ կամավոր գնացած երիտասարդին, նրա ծնողին, պապիկին, որ կամավոր է գնացել, 18-ամյա սպային, սպային, գեներալին, ոստիկաններին ու զոհված ծառայակիցներին։ Նույնը կրկնվում է Արցախում՝ իր աջակից Արայիկ Հարությունյանի շուրթերից։ Ձեն ձենի են տվել, ամեն ինչի դիմում են՝ միայն իրենց սխալներն արդարացնեն։ Արայիկ Հարությունյանի հրաժարականը արդեն 17 պատգամավոր է պահանջում։ ԱԱԾ սպեցնազը չծառայեց․․․ սիրելի ԱԱԾ, ձայնդ չի լսվում, սպեցնազի տղերք, զոհեր ունեք, թասիբ ունեք, սպայի պատիվ ունեք, պարոնայք ոստիկաներ, ձեր ընկերներին ոնց թաղեցին․ չթողեցին, որ հրապարակվի լուրը, որ Աննա Հակոբյանի մշակած սցենարով քիչ-քիչ դոզավորված լինի»։