Հայաստանի և Արցախի ստեղծագործական միությունների նախագահները բաց նամակ են հղել ՌԴ նախագահին
Հայաստանի և Արցախի ստեղծագործական միությունների նախագահները բաց նամակով դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ նրան խնդրելով հնարավորությունների սահմաններում հոգ տանել այն հայկական կրոնական մշակութային հուշարձանների մասին, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ:
Նամակում նախաձեռնության հեղինակները հիշեցրել են, որ հայ ազգը, որը առաջինն է ընդունել քրիստոնեությունը, դարավոր պատմության ընթացքում բազմաթիվ զրկանքներ է կրել, սակայն չի դավաճանել իր հավատը: «Հայտնվելով ագրեսիվ ուժերի թիրախում՝ հայերը դարեր շարունակ պայքարել են իրենց ինքնությունը պահպանելու համար, պայքարել են կրոնական հուշարձանները պահպանելու համար»,-ասվում է նամակում:
Ստեղծագործական միությունների նախագահները շեշտել են, որ վերջին պատերազմի հետևանքով հարյուրավոր քրիստոնեական հուշարձաններ մնացել են Ադրբեջանի տիրապետության տակ: Այդ հուշարձաններից են Դադիվանքը, Ամարասի վանական համալիրը, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, որոնք հայ ժողովուրդը կառուցել ու վերականգնել է տարիներ շարունակ:
«Մենք շատ ենք գնահատում այն փաստը, որ Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսային զրույցների ժամանակ Դուք շոշափել եք հուշարձանների պահպանության թեման: Մենք լիովին համաձայն ենք նաև ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ այդ հարցում ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներգրավելու մասին հայտարարության հետ, որպեսզի մշակութային ժառանգության խորհրդանիշները վերականգնվեն և դրանց նկատմամբ հարգալից վերաբերմունք ապահովվի»,-ընդգծվում է նամակում:
Նամակը ստորագրել են Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, Հայաստանի և Արցախի գրողների միությունների նախագահներ Էդվարդ Միլիտոնյանն ու Վարդան Հակոբյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, Հայաստանի երաժշտական ընկերության ղեկավար Դավիթ Ղազարյանը: