Ռումինիայի նախագահը Մոլդովա կժամանի Սանդուի պաշտոնակալությունից հետո
Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը պաշտոնական այցով Մոլդովա կժամանի «Աշխատանք եւ համերաշխություն» կուսակցության առաջնորդ Մայա Սանդուի՝ հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո: Այդ մասին հաղորդում է Քիշինեւում Ռումինիայի դեսպանության մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ «Աշխատանք եւ համերաշխություն» կուսակցության մամուլի ծառայությունը հաղորդել է այն մասին, որ նոյեմբերի 16-ին Սանդուն եւ Յոհաննիսը հեռախոսազրույց են ունեցել:
«Ռումինիայի նախագահը եւ Մոլդովայի նախագահը հեռախոսազրույցի շրջանակներում պայմանավորվել են, որ երկկողմ հարաբերությունների գլխավոր նպատակը կդառնա ռազմավարական գործընկերության ընդլայնումն ու խորացումը…
Դրա համար առաջին քայլը դառնալուէ Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի պաշտոնական այցը Մոլդավա, որը նա Մայա Սանդուի հրավերով կկատարի նրա՝ պաշտոնն ստանձնելուց հետո»,-ասվում է հաղորդագրության մեջ, որը զետեղված է Քիշնեւում Ռումինիայի դեսպանության Facebook-յան էջում:
Մոլդովայի նախագահի ընտրությունների առաջին փուլն անցկացվել է նոյեմբերի 1-ին, թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել ձայների 50 տոկոսից ավելին, ուստի նոյեմբերի 15-ին երկրում անցկացվել է երկրորդ փուլը: Ընտրությունների երկրորդ փուլի հավակնորդներն են եղել երկրորդ ժամկետի համար իր թեկնածությունն առաջադրած նախագահ Իգոր Դոդոնը եւ նախկին վարչապետ, «Աշխատանք եւ համերաշխություն» կուսակցության առաջնորդ Մայա Սանդուն:
Սանդուն Մոլդովայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ է տանում ձայների 57,75 տոկոսով, Դոդոնը հավաքել է ձայների 42,25 տոկոսը: Այդ մասին տեղեկացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ արձանագրությունների 100 տոկոսը հաշվելուց հետո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: