«Մենք փորձել ենք ընտրություն կատարել՝ պատերազմի բացառում, թե ոչ մի թիզ հող, կատարել ենք». Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը փորձեց պարզել՝ որտե՞ղ ենք սխալվել հակաօդային պաշտպանության մեջ, ի՞նչ ենք արել Արցախը և ՀՀ-ն օդային հարձակումներից պաշտպանելու համար, որտե՞ղ ենք թերացել մեր հետախուզության, հակահետախուզության մեջ, որովհետև հանրության մեջ շատ է խոսվում, որ մեր հակահետախուզությունը լավ չի աշխատել, ունեցել ենք բազմաթիվ դավաճաններ, որոնք տվյալներ են վաճառել հակառակորդին:

Փաշինյանը ճիշտ չհամարեց ձևակերպումը, թե բնակչությունն ունեցել է կոորդինատներ, որոնք վաճառել է հակառակորդին:

«Կարծում եմ՝ եթե այդպիսի դեպքեր կան, նման կոնկրետ դեպքերով քրեական գործեր պիտի հարուցվեն, այո, մեղավորներ պիտի փնտրվեն: Բայց ուղղակի տեսականորեն խոսել տեսական դավաճանների մասին, որոնք տեսական տվյալներ են հայտնել հակառակորդին, չեմ կարծում, որ ճիշտ ռեժիմ է: Եվ այն քաղաքացիները, որոնք տվյալներ ունեն, պետք է անպայման այդ հարցով դիմեն իրավապահ մարմիններին: Ինչ վերաբերում է մեր սխալներին, ես կարող եմ ասել, որ, եթե վերջին 2.5 տարվա մեր սխալը փորձենք ձևակերպել, պետք է արձանագրենք, որ մենք չենք կարողացել լրացնել այն ամեն ինչը, որ մեզ անհրաժեշտ էր լրացնել: Բայց, օրինակ, ՀՕՊ համակարգում մենք հսկայական ձեռքբերումներ ենք ունեցել, ինչի մասին հրապարակային հայտարարել ենք: Մենք ձեռք ենք բերել «Տոր-Մ2ԿՄ» համակարգեր, մենք ձեռք ենք բերել մոդեռնիզացված «Օսա-ԱԿ» համակարգեր և այդպես շարունակ: Այլ բան է, որ իրադարձությունների զարգացումը ցույց է դրել, որ այդ բոլոր միջոցները բավարար չեն գտնվել արդի մարտահրավերները սպասարկելու համար մի պարզ պատճառով՝ վերջին ամիսների ընթացքում ի հայտ են եկել նոր գործոններ, որոնք որոշակիորեն փոխել են ուժերի հարաբերակցությունն այդ ոլորտում»,- նշեց վարչապետը՝ շարունակելով՝ ՀՀ-ի ռազմավարական սխալներից է եղել այն, որ մտածել ենք, թե երկու մոտեցում կարելի է մեկտեղել՝ պատերազմի բացառումը և «ոչ մի թիզ» հող տալը:

«Պետք է ունենայինք սցենար և պատրաստվեինք այդ սցենարին: Մեր ամենամեծ սխալը եղել է այն, որ մեզ թվացել է, թե մենք անվերջ կարող ենք ժամանակը ձգել: 1998-ից ի վեր տեղի ունեցած բանակցային գործընթացում որոշակի շոշափելի եղել է միայն մեկ ձևակերպում և գործոն, որ բանակցային գործընթացի նպատակը 7 շրջանների վերադարձն է Ադրբեջանին: Միակ կոնկրետությունը բանակցային գործընթացում եղել է սա: Մեր մեծագույն ռազմավարական սխալները եղել են այն, որ այդ երկու սցենարներից ընտրություն չենք կատարել որևէ մեկի օգտին, նկատի ունեմ՝ պատերազմի բացառում, կամ ոչ մի թիզ հող: Մենք էս երկուսն ուզեցել ենք համատեղել: Մենք պետք է կամ էն ընտրեինք, կամ՝ էն: Մենք փորձել ենք այդ ընտրությունը կատարել, ճիշտն ասած, կատարել ենք: Այլ բան է, որ 2.5 տարվա ընթացքում չենք կարողացել կատարել այն և այնքան, որ այդ ընտրությունը երաշխավորվեր»,- եզրափակեց Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս