«Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց»․ Աննա Նաղդալյան
Քիչ առաջ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանեց Արցախյան հակամարտության բանակցային գործընթացում 7 շրջանների հետ Շուշի քաղաքը հանձնելու բանակցային օրակարգի վերաբերյալ խոսակցությունները։ ԱԳՆ խոսնակն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց»։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր առցանց ասուլիսին անդրադարձավ պատերազմից խուսափելու հարցին, ասելով, որ կարող էինք խուսափել պատերազմից, եթե համաձայնեինք Ադրբեջանին հանձնել 7 շրջանները, ներառյալ՝ Շուշին.
«Բայց արդյո՞ք դա էր այն քաղաքականությունը, որ մենք ուզում էինք վարել։ Ո՜չ, դա չէր այդ քաղաքականությունը։ Արցախի պաշտպանության բանակը, Հայաստանի կառավարությունը և մեր զինված ուժերը որոշեցին ընդունել այդ մարտահրավերը, որը նետված էր Հայաստանին։ Ցավոք, այդ մարտահրավերի ընդունումը չբերեց այն արդյունքներին, որը մենք բոլորս կցանկանայինք»,- նշել էր նա։ Աննա Նաղդալյանի գրառումից կարող ենք ենթադրել, որ Շուշի քաղաքը հանձնելու թեման սկսկել է քննարկվել պատերազմի մեկնարկից հետո՝ մի որոշակի փուլում։