«Մանդատս վայր չեմ դնելու և Կառավարությանն անվստահություն հայտնելու միտք չունեմ». Հովիկ Աղազարյան
«Շատ լավ գիտենք, որ ես այդքան էլ երիտասարդ չեմ և ունեցել եմ բավականին մեծ քաղաքական փորձ: Ես գտնում եմ, որ հեղափոխությունից հետո մեր հայրենիքի կարևորագույն ձեռքբերումներից մեկը եղել է այն, որ մենք հիմք ենք դրել մաքուր, արդար, թափանցիկ ճանապարհով իշխանությունների ձևավորման: Մենք այդ ինստիտուտը պետք է պահպանենք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Ըստ նրա՝ իշխանական պատգամավորները բավականին հարգված են հանրության շրջանում, հետևաբար՝ լուրջ չէր նոյեմբերի 10-ին գալ խորհրդարան և գումարել արտահերթ նիստ:
«Հենց նոր մենք հանձնաժողովի նիստի էինք, թող մեր ընդդիմադիրները գային ու իրենց խոսքն ասեին: Էն, որ օրենքով է, չեն անում, էն, որ սպոնտան է և անորոշ ու անհասկանալի, անում են: Այդ հայտնի երեկոյան մեր քաղաքացիներն ինչ անում էին, դա անում էին ազնիվ մղումներով, բայց կային նաև մարդիկ, որոնք տեսաք՝ ինչ էին անում: Կոնկրետ ես մանդատս վայր չեմ դնելու և Կառավարությանն անվստահություն հայտնելու միտք չունեմ»,- հավելեց Հովիկ Աղազարյանը:
Ինչ վերաբերում է վարչապետի երեկվա հայտնի գրառմանը, Հովիկ Աղազարյանն ասաց, որ վաղը-մյուս օրը տղաները կգան, իրենց հարևանների տղաներին, աղջիկներին, կներկայացնեն իրողությունները, որոն տեսել են, և դրանք կգնան հասարակության մեջ, կլինեն տրամադրություն ստեղծող իրողություններ:
«Նրանք, ովքեր ուզում են պղտոր ջրում ձուկ որսալ, այո, նրանք վնգստացողներ են, հիմա դուք որոշեք, թե ովքեր են»,- եզրափակեց նա: