Եթե Փաշինյանը չհեռանա, Հայաստանը շարունակելու է թուլանալ, իսկ դրանից կօգտվեն արտաքին թշնամիները. ի՞նչ է սպասվում Հայաստանին Փաշինյանի չհեռանալու դեպքում. Военное Обозрение

Ռուսական Военное Обозрение կայքը հրապարակել է Իլյա Պոլոնսկիի հոդվածը, որում հոդվածագիրը վերլուծել է՝ ինչ կարող է սպասվել Հայաստանին, եթե երկրի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը չհեռանա պաշտոնից:

Հոդվածում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հանձնումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կատարյալ քաղաքական ձախողումն էր: Բայց, ինչպես ցույց են տալիս երևանյան իրադարձությունները, նույնիսկ նման պարտությունից հետո, Փաշինյանը չի պատրաստվում լքել կառավարության ղեկավարի պաշտոնը:

Ժամանակին բողոքի ալիքի վրա իշխանության եկած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառչել է աթոռից ավելի պինդ, քան մյուս «ավտորիտար բռնապետները», և ընդհանրապես չի ցանկանում լքել այն, նույնիսկ այն իրավիճակում, երբ ակնհայտ է, որ նա երկրի և հայ ժողովրդի պատմության մեջ մտավ որպես մի անձ, որի ժամանակ կորսվել է Լեռնային Ղարաբաղի կեսը: Հայերը սա չեն ների Փաշինյանին, բայց կարծես թե երեկվա ընդդիմադիրն այնքան էլ անհանգստացած չէ ժողովրդական վրդովմունքից: Փաշինյանի համար այժմ շատ ավելի կարևոր է իշխանությունը պահպանելը, և դա կարող է խնդրահարույց լինել. ոչ Արևմուտքն է օգնել, ոչ էլ Ռուսաստանն է վստահում Ջորջ Սորոսի մարդուն:

Այնուամենայնիվ, Փաշինյանը շանսեր ունի մնալ վարչապետի պաշտոնում, եթե խոսենք կարճաժամկետ հեռանկարի մասին: Ապագայում նրան, ամենայն հավանականությամբ, սպասվում է անդրկովկասյան մեկ այլ հայտնի լիբերալ հեղափոխականի՝ Միխայիլ Սաակաշվիլիի ճակատագիրը, բայց առայժմ Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ կառավարության ղեկավարի պաշտոնում: Հեղաշրջման ռիսկից պաշտպանվելու համար Փաշինյանն աշխատանքից հեռացրել է մեծ թվով բարձրաստիճան զինվորականների և Ազգային անվտանգության ծառայության սպաների: Նա նրանց փոխարինել է իր աջակիցներով, բայց հիմա Փաշինյանին ուղղված հարցեր են առաջացել նաև նախկինում իրեն սատարողների մոտ:

Հասկանալով իր աջակցության իրական մակարդակը՝ Փաշինյանը դիմում է բացահայտ սպառնալիքների. օրինակ ՝ նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Երևանում սպասում է «առաջնագծի տղաներին», ովքեր պետք է զբաղվեն «պատերի տակ վնգստացողներով»: Այդպես է նա անվանել իր հակառակորդներին: Հնարավոր է, որ եթե անկարգությունները շարունակվեն, Փաշինյանն իսկապես պատրաստ կլինի բռնություն գործադրել և հաշվեհարդար տեսնել իր քաղաքական հակառակորդների հետ: Դիմակները մի կողմ են նետվել. ինչպես պարզվում է՝ այս պարագայում ժողովրդավարության նշույլ անգամ չկա, և Փաշինյանը պատրաստ է իշխանությունը պահել ոչ պակաս պինդ, քան Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Բայց մինչ այժմ «մտահոգ համաշխարհային հանրությունից» Հայաստանի առաջնորդին ուղղված մեղադրանքներ չեն լսվել:

Եթե Փաշինյանին հաջողվի որոշ ժամանակ պահել իշխանությունը, ապա Հայաստանին նոր ցնցումներ են սպասում: Նախ `երկիրը կապրի Ղարաբաղում կրած պարտության զգացողությամբ: Ադրբեջանցիների գրաված հատվածից, գրեթե բոլոր բնակիչներն արդեն հեռացել են, շատերն անգամ փորել-հանել են իրենց մահացած նախնիների աճյունները`վախենալով գերեզմանների պղծումից: Եվ այս մարդիկ միանշանակ չեն ների Փաշինյանին պարտության համար:

Երկրորդ, Փաշինյանը ստիպված կլինի գնալ զիջումների նաև հետագայում, և ոչ մեկ անգամ: Ադրբեջանի դիրքերը զգալիորեն ամրապնդվել են, նա միջանցք է ստացել դեպի Նախիջևան, թեկուզ ռուս սահմանապահների կողմից հսկողությամբ: Որոշ ժամանակ անց Ադրբեջանը կարող է պահանջել Ղարաբաղի մյուս շրջանները, քանի որ Իլհամ Ալիևի համար հաղթական պատերազմը շատ շահեկան է դարձել վարկանիշը բարձրացնելու տեսանկյունից:

Երրորդ ՝ հաշվի առնելով այն, որ Փաշինյանն իշխանությունը պահպանելու իր փորձերում կշարունակի հեռացնել բոլոր նրանց, ովքեր իրեն հարմար չեն, նա էապես կթուլացնի ինչպես պետական կառավարման համակարգը, այնպես էլ զինված ուժերի հրամանատարությունը: Այսինքն ՝ Հայաստանը շարունակելու է թուլանալ: Իրավիճակը շտկելու և ռևանշի հասնելու համար Փաշինյանը չունի և չի ունենա որևէ ռեսուրս:

Բնականաբար, դրանից կօգտվեն Հայաստանի արտաքին թշնամիները ՝ Ադրբեջանը և Թուրքիան, ուստի Փաշինյանը կամ ստիպված կլինի ամբողջովին հնազանդվել Մոսկվայի կամքին, կամ ընդմիշտ հեռանալ երկրից: Եթե նա ազատի վարչապետի պաշտոնը, ապա հնարավոր է, որ հետագայում նա հայտնվի ինչ-որ տեղ Ուկրաինայում: Ճիշտ է, անհանգիստ ժամանակներն այնտեղ էլ ավարտվում են, իսկ խարիզմայի տեսանկյունից Նիկոլը զիջում է իր վրացի եղբայր Միշիկոյին:

Թարգմանությունը՝ tert.am-ի

Տեսանյութեր

Լրահոս