Ճիշտ չենք համարում տեղի ունեցած ողբերգության մեղքը բացառապես մարտի դաշտում կռվողների վրա բարդելը․ WarGonzo-ն հերքել է Արցախից վտարվելու մասին տեղեկությունը
Մենք վերջ ենք դնում Արցախից մեզ վտարելու մասին պատմությանը, Tert.am-ի հաղորդմամբ՝ իր թելեգրամ ալիքում գրել է @wargonzo նախագիծը:
Տարածված հայտարարությունում նրանք նշում են, զինթղթակիցներ են, և այս նախագիծն աշխատում է նախ և առաջ առաջնագծում, ներքին քաղաքական իրադրությունը և ինտրիգներն իրենց չեն հետաքրքրում:
«Արամ Գաբրիելյանովը ժամանակին կանգնած է եղել @wargonzo նախագծի ստեղծման ակունքներում, նա մեր ուսուցիչն է մասնագիտական առումով և մեր ընկերն է կյանքում: Ներկայում մենք աշխատում ենք տարբեր կազմակերպություններում, սակայն շարունակում ենք մարդկային շփումը՝ անկախ մեր հայացքներից»,– ասվում է տարածված հայտարարությունում:
Նաև նշվում է, որ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն իսկապես զանգահարել է @wargonzo նախագծի ղեկավարությանը և խնդրել արձագանքել Սոլովյովի եթերին: «Սեմյոն Պեգովը պատասխանել է, որ նախ կնայի եթերը, իսկ հետո կարձագանքի: Սոլովյովի եթերում խոսվում էր Գաբրիելյանովի և Պողոսյանի հեռախոսազրույցի մասին: Դրա ընդարձակ բովանդակությունը մենք չենք կարող իմանալ: Ուստի չենք կարող մեկնաբանել»,– ասվում է հայտարարությունում:
«@wargonzo նախագիծը Արցախից հեռացել է միայն այն պատճառով, որ ռազմական գործողությունները դադարեցվել են: Մենք աշխատանք ունենք նաև այլ թեժ կետերում: Սակայն մենք անպայման կվերադառնանք Ստեփանակերտ մոտ ապագայում: Ոչ ոք մեզ չի արգելել վերադառնալ, և ոչ ոք մեզ դուրս չի արել:
Մեր տվյալները Շուշիի իրավիճակի մասին միշտ չէ, որ համընկնում էին Արցախի կառավարության պաշտոնական հայտարարությունների հետ, ինչի մասին զգուշացնում էինք մեր հետևորդներին: Մենք պատրաստ ենք երաշխավորել դրանց հավաստիությունը ցանկացած պաշտոնատար անձի առաջ:
Եվ վերջապես, մենք նաև ճիշտ չենք համարում հայկական հասարակության մեջ ձևավորված միտումը՝ տեղի ունեցած ողբերգության մեղքը բարդել բացառապես այն տղաների վրա, որոնք կռվում էին դաշտում: @wargonzo նախագիծն առաջնագծում տարբեր բաներ և տարբեր մարդկանց է տեսել: Այո՛, եղել նաև նահանջողներ: Սակայն տասնյակ անգամ ավելի շատ էին նրանք, ովքեր կանգնած էին մինչև վերջ և անձնուրաց պայքարում էին անհավասար պայմաններում: Տասնյակ անգամ ավելի շատ էին նրանք, ովքեր տրտնջալու փոխարեն լուռ գնում էին անելու իրենց աշխատանքը ռազմաճակատում: Եվ այդ մարդիկ սպասում էին այս պատերազմից ինչ պատահի, բայց ոչ հանձնվելու հրաման: Նրանց անուններն ու ճակատագրերը սևացնելը հանցագործություն է»,– ասվում է նախագծի տարածած հայտարարությունում: