«Դրանով, ըստ էության, կոչ է արվում դուրս գալ քաղաքացիական բախումների». Արման Թաթոյանը՝ Նիկոլ Փաշինյանի գրառման մասին
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի կողմից ավելի վաղ արված գրառմանը.
«ՀՀ վարչապետի գրառումը՝ կապված առաջնագծի զինվորներին ուղղված կոչի հետ, խիստ վտանգավոր է հատկապես այս պատասխանատու, գերզգայույն օրերին: Դրանով, ըստ էության, կոչ է արվում դուրս գալ քաղաքացիական բախումների:
Այդ գրառումը հատկապես դատապարտելի է այն տեսանյութերի ֆոնին, որոնք վերջին օրերին պարբերաբար հրապարակվում էին զինվորական համազգեստով ու զինված անձանց կողմից և պարունակում էին ատելություն, բռնության կոչեր ու սպանությունների սպառնալիքներ:
Ակնհայտ է, որ առաջնագծի զինվորները զինված են ու այդ գրառումը ենթադրում է հենց այդ կոչերի ու սպառնալիքների իրականացում, հաշվեհարդար:
Բոլորին կոչ եմ անում դրսևորել զսպվածություն, իսկ իրավապահ մարմինները պարտավոր են գործել օրենքին խիստ համապատասխան՝ բացառապես իրավունքի գերակայության սահմաններում: Անհրաժեշտ է կանխել որևէ տեսակի բախման կամ ինքնադատաստանի փորձ»:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երևանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։
Հպարտ եմ ձեզանով»: