«Մենք ունենք երկու ճանապարհ». Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմանը, որում ասվում է.
«Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։
Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երևանում։
Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։
Հպարտ եմ ձեզանով»,-գրել է Փաշինյանը:
Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր ուղերձում նշում է, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական պատերազմի կոչեր է հնչեցնում:
«Քիչ առաջ ծանոթացա գերագույն գլխավոր խելագարի՝ Նիկոլ Փաշինյանի գրությանը, որին հարկ եմ համարում արձագանքել: Ի՞նչ է ասում Հայաստանի վարչապետի աթոռին նստած խելագարը: Ասում է՝ զինվորներին սպասում եմ Երևանում, ինչ-որ հարցեր ունենք լուծելու: Հարգելի հայրենակիցներ, էս մարդը խելագար է, էս մարդն անեծք է էս ժողովրդի գլխին: Գնացել թուրքի առաջ կզել է, ստորագրել է ստորացուցիչ պայմանագիր, վաճառել է մեր հայրենիքի կեսից ավելին, Երևանում նոր պատերազմի կոչեր է անում, սա պարզապես պատիժ է էս ժողովրդի գլխին: Նիկոլ Փաշինյան, քո անմիջական պատասխանատվության տակ մենք մեծ կորուստներ ենք ունեցել, քո բազմաթիվ մեղքերին ևս մի քանիսը մի ավելացրու: Խելքդ գլուխդ հավաքի՛ր»-ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը:
Իշխան Սաղաթելյանն ասաց, որ ստեղծված իրավիճակից կա երկու ելք:
«Մենք ունենք երկու ճանապարհ՝ կա՛մ այս խելագարին պետք է հեռացնենք իշխանությունից ու փրկենք մեր երկիրը, կա՛մ պետք է թույլ տանք այս երկրում հաստատի բռնապետություն, մեկ մարդու դիկտատուրա, և այս խելագարի գործողություններով վերջնականապես կորցնենք մեր երկրի մնացած մասը: Քաղաքական մեծամասնություն, դուք պատասխանատվություն եք կրում այս խելագարի համար, դուք պատասխանատվություն եք կրում իր յուրաքանչյուր գործունեության համար: Հասկացե՛ք, գիտակցե՛ք: Սա անեծք է մեր երկրի համար, սա մեր երկիրը պատրաստվում է տանի նոր փորձությունների, ուրիշ բացատրություն չկա: ՀՀ սիրելի քաղաքացիներ, պետք չէ անտարբեր լինել սրան:
Նիկոլ Փաշինյան, ասում ես ՝ սպասում եմ զինվորներին վերադառնան, Երևանում հարցեր ունենք լուծելու, սպասի փախստականներին, ովքեր իրենց տունն այրում են, հրկիզում են, վերադառնում են Երևան, սպասիր նրանց, ովքեր իրենց դիակները, գերեզմանները տեղափոխում են Երևան, այ խելագար, այ հայ ժողովրդի անեծք: Խելքդ գլուխդ հավաքի՛ր: Նորից եմ կրկնում, մենք երկու ճանապարհ ունենք՝ կա՛մ հանդուրժենք այս խելագարին, ով մեր երկիրը վերջնականապես կտանի կործանման, կա՛մ դուրս գանք փողոց, կանխենք սրա արկածախնդրությունները, ազատվենք սրանից»-ասաց Սաղաթելյանը:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը կոչ արեց քաղաքացիներին միանալ ընդդիմադիր 17 կուսակցությունների՝ ժամը 17:00-ի հանրահավաքին Ազատության հրապարակում:
«Սա է ճանապարհը, այլ տարբերակ չկա»,-եզրափակեց նա: