«Ես արդեն սկսում եմ մտածել, որ Ալիևի հանձնարարությամբ Նիկոլ Փաշինյանը փորձում է մեզ լռեցնել». Արսեն Բաբայան

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ծնողների բնակարանում խուզարկություն կատարելուն զուգահեռ՝ խուզարկություն են կատարել նաև նրա ղեկավարած «Հայրենիք» հիմնադրամի գրասենյակում։

Լրագրողների հետ զրույցում «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Բաբայանն ասաց, որ տեղյակ չէ, թե իրավապահ մարմիններն ինչ էին փնտրում հիմնադրամի շենքում։

«Առանց խուզարկության թույլտվության՝ խուզարկություն են իրականացնում «Հայրենիք» հիմնադրամում, այսինքն՝ ԱԱԾ-ն չուներ դատարանի թույլտվություն, որպեսզի հիմնադրամում իրականացներ խուզարկություն։ Մասնավորապես՝ իմ և մյուս աշխատակիցների աշխատասենյակներում նրանք իրականացրել են ապօրինի խուզարկություն»,- նշեց Արսեն Բաբայանը։

Նա տեղեկացրեց, որ իրավական բոլոր ընթացակարգերով կբողոքարկեն։

Իրավապահ մարմինների ներկայացուցիչները չեն ասել, թե ինչ են փնտրում, սակայն ինչ-որ փաստաթղթերից ակնհայտ է դարձել, որ խուզարկությունն առնչվում է մի քրեական գործի, որի մանրամասներն Արսեն Բաբայանը չասաց։

«Փաստ է, որ մեր հիմնադրամում իրականացվել է խուզարկություն՝ առանց դատարանի թույլտվության։ Իհարկե, իրենք  գիտեն, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը պարոն Վանեցյանն է, և դրա համար էլ նույն քաղաքական հետապնդումների շրջանակներում իրականացնում են հերթական ապօրինի քաղաքական հետապնդումը»,- շեշտեց նա։

Նա նաև ընդգծեց, որ խուզարկության ընթացքում ոչինչ չի հայտնաբերվել կամ առգրավվել։

«Ես արդեն սկսում եմ մտածել, որ Ալիևի հանձնարարությամբ Նիկոլ Փաշինյանը փորձում է  մեզ լռեցնել, որպեսզի Արցախը հանձնելու իր դավաճանական ծրագիրը կարողանա հասցնել մինչև վերջ։ Երևի եղբայրներ են, չգիտեմ, իրար հետ շատ ակտիվ աշխատում են»,- հավելեց Արսեն Բաբայանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս