«Արմեն Մարտիրոսյան, Սոս Ջանիբեկյան, Արման Բաբաջանյան, առնվազն էդ երեքդ հենց հիմա վառեք ձեր տները». Արմեն Գրիգորյան

168TV«Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հետ

– Պարոն Գրիգորյան, Դուք արդեն քանի օր է՝ ակտիվ մասնակցում եք հանրահավաքների, երթերի, երեկ Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ բառացի հետևյալը հայտարարեցիք. «Ես չեմ հասկանում՝ ո՞նց Հայաստանում լկտի կիսագրագետը կարող էր դառնալ վարչապետ: Ես չեմ հասկանում՝ ո՞նց 88 հոգի բացարձակ քաղաքական իմպոտենտ և վախկոտ լորձ կարող էին դառնալ պատգամավոր»: Դուք ժամանակին ակտիվ սատարում էիք Նիկոլ Փաշինյանին, ի՞նչը չեք հասկանում:

– Ես սատարում էի փոփոխությունները Հայաստանում, ես Նիկոլ Փաշինյանին չեմ ճանաչել, նրա գործունեությանը ծանոթ չէի: Իհարկե, ես էլ եմ մարդ, եթե չեմ ճանաչում մարդուն, հետևում եմ նրա ինտերվյուներին, նրա ասածին, նրա խարիզմային: Այդ իմաստով, այո, ինձ խաբել են, ես բան չունեմ ասելու: Իմիջիայլոց, 2019թ. աշնանը ես ներքին մեծ կատարսիս ապրեցի, որովհետև ես ինձ խելոք մարդու տեղ էի դրել, էն, որ կյանք է տեսել, մարդ է ճանաչում: 2019թ. աշնանը ես հասկացա, որ ինձ դռան քութիկի պես խաբել են: Ես ինձ շատ եմ մեղադրում, որ ինձ խաբել են: Երբ սկսեցի հասկանալ՝ ով է խաբել, երբեք իմ մտքով չէր անցնում, որ ինքը դավաճան է:

– Հիմա ի՞նչ անեն այն մարդիկ, որոնք ժամանակին հավատացել են Նիկոլ Փաշինյանին, Դուք ասում եք՝ ո՞նց Հայաստանում լկտի կիսագրագետը կարող էր դառնալ վարչապետ. Դարձավ վարչապետ, որովհետև, ինչպես ասում եք՝ խաբվեցիք և ընտրեցիք նրան:

– Ես երեկ միտինգին ասել եմ՝ ես իմ քավությունն եմ ապրում. թող դուրս գան՝ կանգնեն կողքիս: Իմ մեղքը կա: Ես հիմա կարող եմ ասել՝ ես իր համար չեմ քվեարկել, բայց դա կապ չունի, իհարկե, սատարել եմ: Հիմա կարող եմ ասել՝ ես այդքան ոչ թե Նիկոլ Փաշինյանին եմ սատարել, այլ Հանրապետականի և Սերժ Սարգսյանի գնալը. Դա էլ է ճիշտ, բայց կապ չունի: Ես այսօր ամեն օր կանգնած եմ միտինգի. Առողջական վիճակիս մասին չեմ խոսում, դա ոչ մեկի չի հետաքրքրում: Ես կանգնած եմ, ամեն օր գալու եմ կանգնեմ: Մարդ որ չգա՝ ես մենակ գնալու եմ կանգնեմ այնտեղ:

– Դուք հիմա մասնակցում եք հանրահավաքի այն ուժերի հետ, որոնց ժամանակին քննադատում էիք, մեղադրում էիք: Ինչի՞ համար եք Դուք հիմա պայքարում, որովհետև իշխանական շրջանակներն ակտիվորեն տարածում են այն թեզը, թե հիմա աթոռի կռիվ է գնում:

– Եկեք՝ այդ ստախոս լորձաթաղանթի կարծիքը հիմա այստեղ չբարձրաձայնենք: Նիկոլը պետք է գնա՝ հետը՝ իր այդ ֆեյքաֆաբրիկան, սորոսականները, որ գիշերները տանը վախենում են քնել: Պետք է օր առաջ հեռանան: Պետք է կոմիտե ստեղծել, միջից մի երկու հոգի մարդ գտնել, որոնք Ռուսաստանի հետ լավ են: Պետք է մեկը արագ գնա Մոսկվա, ունենա մանդատ՝ ՀՀ-ից, սկսի բանակցային գործընթացը, գոնե կարողանանք Քարվաճառն ու Լաչինը չտալ, գոնե կարողանանք մի բան անել: Գոնե այնպես անենք, որ երբ այսօր-վաղը պատերազմ սկսվի, իսկ դա սկսվելու է, ռուսները մեր կողքին լինեն: Գոնե այնպես անենք, որ թուրքական ճանապարհը Մեղրիով չանցնի: Ախր, հասկացեք՝ եթե քո պետության մեջ կա կտոր, որը դու չես ղեկավարում, դու պետություն չես: Մի հատ ուշադիր նկատեք՝ 4 օր է անցել, Հայաստանին ոչ մի հարցով ոչ ոք չի դիմել, հետագայում էլ չեն դիմելու. մենք չկանք: Պետք է փորձենք շտկել, իսկ սրանց հետ դա հնարավոր չէ: Երեկ Փաշինյանը կաշառում էր հայերին, ասում էր՝ ճանապարհ կանցնի, դուք թուրքի փողով լավ կապրեք: Թարգմանում եմ իր խոսքակույտը:  Ասում էր՝ հիմա թուլացեք, հես ա թուրքի մեքենաները կգնան-կգան, դրանից ձեզ էլ փող կտամ:

– Արցախի կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրմանը հաջորդեց դավաճանների փնտրտուքը. Նիկոլ Փաշինյանի, ապա Արայիկ Հարությունյանի մակարդակով հնչեցին մեղադրանքներ՝ մեր զինվորների ու կամավորականների նահանջի մասին, մինչդեռ նախորդող բոլոր օրերին վստահեցնում էին, որ մեր բանակը, կամավորականներն ամուր կանգնած են դիրքերում, պատրաստ են մինչև վերջ պայքարել: Ի վերջո, ո՞վ է իրական մեղավորը, ո՞վ է պատասխանատու ստեղծված իրավիճակի համար:

– Նայած՝ ինչն ենք համարում պարտություն: Հոկտեմբերի 8-10-ն արդեն պարզ էր, որ 5+2-ը տալու ենք: Հետո սկսեցինք չտալ, մեզ սկսեցին խաբել, որ հաղթելու ենք, դա ստոր խաբեբայություն էր: Նիկոլն է ասում, որ 25 հազարանոց Արցախի բանակը, 40-ից ավել հազարանոց հայկական բանակը ոչ թե տեղից չի շարժվել, այլ, երբ փորձել է տեղից շարժվել, գեներալներ կան, օրինակ՝ Խաչատուրովը, որ խնդրել է՝ թույլ չեն տվել: Հոկտեմբերի սկզբից մեծ զենք է եկել ռուսական, երկար ժամանակ այդ զենքը չեն օգտագործել: Հիմա հարց՝ ո՞վ է դավաճան: Ասեմ՝ այդ ամենն արվում էր նրա համար, որ մենք իբր պատերազմով հանձնեինք: Պարզվում է՝ այն ժամանակ, երբ տղերքը այնտեղ մահանում էին, իսկ մեզ խաբում էին՝ հաղթում ենք, ոչինչ, ես էլ եմ հավատացել, իրենք արդեն գիտեին, որ մենք պարտվելու ենք, և ձայն չէին հանում: Դավաճան են Նիկոլ Փաշինյանը, Արայիկ Հարությունյանը և ՊՆ-ի ղեկավարությունը: Առանց ՊՆ-ի և ԳՇ պետի՝ հնարավոր չէր դա անել: Եթե ես սխալվում եմ, ես Դավիթ Տոնոյանին անձամբ եմ ճանաչում, ես կարող եմ իրենից հետո ներողություն խնդրել:

– Ստեղծված իրավիճակից ի՞նչ ելք եք տեսնում, Նիկոլ Փաշինյանը, կարծես թե, չի պատրաստվում հրաժարական տալ, ավելին, նա ասում է, որ այս պահին առաջնայինը ներքին կայունությունը պահպանելն է, և, ըստ էության, հաջորդ ընտրություններով նոր հնարավոր իշխանափոխություն անցկացնելը:

– Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ իր հետևորդները Հայաստանի ամենաբթամիտ շերտն են, ինքը շատ լավ հասկանում է, որ մարդ պետք է բացարձակ բութ լինի, որ իրեն հետևորդ լինի, դրա համար ինքն իր ընտրազանգվածի վրա է աշխատում: Ուրեմն՝ իրեն թվում է, թե ինքը չի գնալու, և օր օրի վրա տեսնում ենք, որ մարդիկ խիզախություն են ունենում, և դրանում իրենց ցավն է խթանում: Տեսե՞լ եք՝ ոնց են Քարվաճառում մարդիկ իրենց տները վառում, որ թուրքին չմնա, տեսե՞լ եք՝ Շուշիի բնակարաններ թուրքերը ոնց են մտնում և պանելային տան մեջ հավ պահում: Ուզում եք ասել, որ դա դավաճանություն չէ, և մինչև հիմա Նիկոլի կողքի՞ն եք: Ով այսօր Նիկոլի կողքին է, ու ինքը դա իրոք է խոսում, ոչ թե երկու կոպեկի համար, ուրեմն այսօր պետք է վեր կենա իր տունը վառի:

Կարող եմ անուններով ասել, թե ով պետք է այսօր իր տունը վառի: Որովհետև դեռ դուք Ֆեյսբուքում ափռ-ցփռ խոսում եք, որ դուք Նիկոլի կողքն եք, տեսեք-տեսեք՝ Լևոնը, Քոչարյանն ու Սերժը «կռուտիտ են արել», գցել են ձեր Նիկոլի վրա: Ձեր Նիկոլը էնպես է արել, որ այսօր Քարվաճառում ապրող հայերն իրենց տները վառում են, ուրեմն՝ դուք էլ վառեք ձեր տները, տղամարդ եղեք: Կարող եմ անուններով ասել՝ Սոս Ջանիբեկյան, դու պիտի այսօր քո տունը վառես, եթե դու չվառեցիր, ուրեմն՝ թքեմ ես քո վրա: Դուք «мразь» եք լրիվ: Էսքան մարդ մնացել է առանց տուն, էսքան զինվոր կռվել է, իրենք դավաճանել են, ու դուք էսօր սատարում եք դավաճանների՞ն: Դուք ի՞նչ ազգից եք: Արմեն Մարտիրոսյան, Սոս Ջանիբեկյան, Արման Բաբաջանյան, առնվազն էդ երեքդ հենց հիմա վառեք ձեր տները:

Արամ Սարգսյան, էսքան ժամանակ շփվել ենք ու հասկացել ենք, որ միայն Նիկոլի անձով մենք իրար հետ համաձայն չենք. Նիկոլը Ձեր եղբոր արձանը Շուշիում թողեց որբ, թուրքը մտնելու է ջարդի. Ձեր մեղքը կա դրա մեջ: Կամ եկեք՝ իմ կողքին կանգնեք, այդ միտինգին… Նիկոլը պետք է գնա, նա պետք է գնա և պետք է դատվի, ոչ մի բռնություն: Միանշանակ սատարում են Նիկոլ Փաշինյանին՝ պետք է լինի ներքին կայունություն, դրա համար ինքը պետք է գնա: Ինքը պետք է գնա, որ այս երկրում լինի ներքին կայունություն:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս