«Իշխանության հետհաշվարկը սկսված է». Նաիրա Զոհրաբյան

Ընդդիմադիր 17 կուսակցություններն այսօր Մատենադարանից երթ էին կազմակերպել դեպի ԱԱԾ շենք: Այնտեղ էին գտնվում ընդդիմադիր ուժերի առաջնորդների մի մասը: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա  Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ միջազգային իրավապաշտպան բոլոր կառույցները տեղյակ են ընդդիմության առաջնորդներին ձերբակալելու մասին:

«Միջազգային բոլոր իրավապաշտպան կառույցները տեղեկացված են, թե ի՞նչ քաղաքական հետապնդումներ են իրականացվում ժողովրդավարական արժեքներով իշխանություն ունեցող Հայաստանում»,- ասաց Զոհրաբյանը:

Նա նշեց, որ իրենց համակիրներին բերման են ենթարկում և այդպիսով ցանկանում են կազմալուծել ընդդիմության շարժումը:

«Մեր հարյուրավոր համակիրներ բերման են ենթարկվում, փորձ է արվում անընդհատ, ամեն գնով կազմալուծել ընդդիմության միջոցառումները, ընդդիմության հանրահավաքները: Իշխանության հետհաշվարկը սկսված է, ինչ էլ անի իշխանությունը, ինչ ուզում է անի, ինչ ռեպրեսիաներ ուզում է անի, քանի հոգի ուզում է  ձերբակալի, կալանավորի, ահաբեկի, վախեցնի, իր ֆեյքերի և իր զոմբիլենդի գրոհ կազմակերպի մեզ վրա»,- ասաց Զոհրաբյանը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորը նշեց, որ իրեն և իր գործընկերներին իրական մարդիկ սպառնում են սպանել:

«Ես անձնապես կոնկրետ իրական օգտատերերից ստացել եմ բազմաթիվ սպառնալիքներ, այդ ամենն ուղարկված է Դատախազություն: Հարգելի գլխավոր դատախազ, դրանք ֆեյքեր չեն, իրական օգտատերեր են, ովքեր իմ և իմ ընտանիքի, իմ գործընկերների ընտանիքների հասցեին հնչեցրել են մահվան սպառնալիքներ»,- ասաց Զոհրաբյանը:

Պատգամավորը հույս հայտնեց, որ Դատախազությունը հետամուտ կլինի, որ իրենց սպառնացողները ենթարկվեն քրեական պատասխանատվության:

«Ոչ մի աղբ անպատիժ չի մնալու: Մենք կառուցելու ենք այն Հայաստանը, որտեղ հայրենիք չեն հանձնում, որտեղ հասարակությանը չեն բաժանում թշնամիների, որտեղ  չեն բուծում զոմբի տականքներ, որոնք շան նման, կատաղած շան նման հարձակվում են բոլոր նրանց վրա, ովքեր համարձակվում են ասել ճշմարտությունը, որ ձեր կուռքը դավաճան է»,- ասաց Զոհրաբյանը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորը նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա և ներողություն խնդրի:

«Իմանալով իրեն՝ ես գիտեմ, որ ինքը մինչև հային հայի դեմ չհանի, արյունահեղության չհասնի, հրաժարական իր կամքով չի տալու»,- ասաց նա:

168.am-ի հարցին, թե Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկ եղե՞լ է հանդիպել ընդդիմադիր խմբակցությունների հետ, քննարկել ստեղծված իրավիճակը, Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց.

«Նիկոլ Փաշինյանի հետ մենք միայն մի բան կարող ենք քննարկել՝ իր հրաժարականը»:

Տեսանյութեր

Լրահոս