«Կապիտուլյացիայից հետո՝ ի՞նչ ռազմական դրություն, երկիրը հանձնելուց հետո՝ ի՞նչ ռազմական դրություն». Ավետիք Իշխանյան
«Այսօր, այսպես ասած՝ Եվրոպայի խորհրդի անդամ Հայաստանում գործում է գավառական 37 թիվը, և այս շենքը այսօր ոչ թե ԱԱԾ է կամ նույնիսկ ԿԳԲ, այլ 37 թվի պես Չեկա և ՆԿՎԴ, որտեղ վոժդի հրամանով, որը հայրենիքը տվել է մեր թշնամիներին, ձերբակալում են, կալանավորում են անձանց»,- ԱԱԾ-ի դիմաց հայտարարեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
«Այստեղ դասական իմաստով մարդու իրավունքների մասին խոսելը անհեթեթություն է, մենք գտնվում ենք մի բռնապետիկի ձեռքում: Եթե չկարողանանք այդ բռնապետիկին հեռացնել և ազատել քաղաքական դասական բանտարկյալներին, ուրեմն՝ մեզ հասնում է: Քաղաքական դասական բանտարկյալներն են, ինչպես 37 թվին կալանավորում էին Սարդարապատի հերոսներին, քաղաքական գործիչներին, նույն Դաշնակցությանը: Շատ երկար չեմ կարող խոսել, սիրտս պայթում է և համոզված եմ, որ այս ռեպրեսիոն ապարատը ի վերջո կհասկանա և չի կատարի վոժդիկի հրահանգները»,- ասաց նա:
Ավետիք Իշխանյանը դիմեց իրավապահ մարմինների ներկայացուցիչներին. «Մի՛ դարձեք գործիք վոժդիկի ձեռքին: Վերջը նա պատասխան տալու է, դուք նույնպես պատասխանատվության տակ եք մտնում այդ ռեպրեսիվ մեթոդներով, որովհետև կատարողը նույնպես պատասխանատվություն պետք է կրի: Ես հասկանում եմ, որ դուք ձեր կանոնակարգով պետք է հրահանգներ կատարեք, բայց ի՞նչ հրահանգ, օրինական հրահանգ չէ սա: Եթե խոսքը գնում է ռազմական դրության մասին, ապա ներեցեք, կապիտուլյացիայից հետո՝ ի՞նչ ռազմական դրություն, երկիրը հանձնելուց հետո՝ ի՞նչ ռազմական դրություն»: