«Տգիտությունը, դիլետանտիզմը հանգեցրեց նախկինում ձեռք բերված՝ թեկուզ փխրուն, ոչ շատ շոշափելի բարենպաստ պայմանների լիակատար փոշիացմանը և մսխման». Թուրքագետ
Նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն անդրադառնալով Սյունիքով Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև ճանապարհի բացմանը և դրա վտանգներին, ասաց, որ որքան էլ փորձեն այլ ձևակերպումներ տալ, եռակողմ հրապարակված թուղթը քաղաքագիտության մեջ ունի հստակ ձևակերպում՝ կապիտուլյացիա կամ կիսակապիտուլյացիա։
«Մեղրիով ճանապարհ, ընդ որում, դեռևս անհասկանալի ճանապարհ դեպի Նախիջևան կամ Ադրբեջանը, որը փորձում է Հայաստանին ներկայացնել ֆինանսական պահանջներ, որը, վստահ եմ, ներկայացնելու է և այլն, սրանք խոսում են այն մասին, որ այս հայտարարությունն իր ժանրով նման է կապիտուլյացիայի։ Այդ ժամանակ այլևս չի քննարկվում Հայաստանի անվտանգության հարցը, շահը և այլն։ Եթե որևէ լավատես կարող է այս հայտարարության մեջ հայանպաստ որևէ տարր գտնել՝ նրան կարելի է Նոբելյան մրցանակ տալ՝ գիտաֆանտաստիկ հաջողությունների հետ կապված։ Սա խայտառակ փաստաթուղթ է, որում հավաքված են նախկին տարիների քննարկված բանակցությունների ամենավատ ու ոչ հայանպաստ ձևակերպումները, դրան գումարած՝ նոր սպառնալիքներ»,- նշեց Ռուբեն Մելքոնյանը։
Նա նկատեց՝ նախկինում բանակցվող բոլոր փաստաթղթերում որևէ մեկով չէր նախատեսվում թուրքական զորքի տեղակայում Ադրբեջանում, կամ խաղաղապահներ, դիտորդներ։ Սակայն այսօր Թուրքիայի իշխանությանը հաջողվել է ներգրավվել Արցախի կոնֆլիկտում՝ դիվանագիտական, ռազմական, քաղաքական առումներով։
«Ինչո՞ւ Հայաստանը վտանգվեց. հարցի պատասխանը հստակ է, որովհետև պարտվեց ոչ թե Հայաստանի բանակը, ժողովուրդը, այլ պարտվեց Հայաստանի ապիկար իշխանությունը»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Թուրքագետի խոսքով՝ կապիտուլյացիայի չգնալու տարբերակներ, բնականաբար, եղել են, ենթադրվում է, որ եղել են հնարավորություններ ավելի լայն քննարկումներ իրականացնելու համար, սակայն մանկամիտ այն մտածողությունը, որը փաթեթավորված է ինքնիշխանության լոզունգի տակ, և որին հետևում էր ամբողջ պետական համակարգը, այդ թվում՝ տապալված արտգործնախարարը, հանգեցրեց այս իրավիճակին։
«Հայաստանի պատմության մեջ ամենաանհաջողակ, ամենախղճուկ գործելակերպով արտգործնախարարությունը և նրա ղեկավարած գերատեսչությունը բերեց այս հետևանքներին դիվանագիտական, քաղաքական, ռազմական դաշտում, ըստ էության, չծառայեց բարենպաստ իրավիճակների ծառայեցմանը նաև Արցախի հարցի բանակցային ֆորմատում։ Տգիտությունը, դիլետանտիզմը հանգեցրեց նախկինում ձեռք բերված՝ թեկուզ փխրուն, թեկուզ ոչ շատ շոշափելի բարենպաստ պայմանների լիակատար փոշիացմանը և լիակատար մսխման։ Մենք արդեն պոստֆակտում պետք է գնահատենք, որ, այո, ժողովրդական իմաստնությամբ՝ երեկ ավելի լավ էր, քան այսօր։ Ցավոք, մենք հիմա բախվել ենք այս իրողությանը, իսկ այս հայտարարությունը չեղարկելու, չեզոքացնելու իրավական ու քաղաքական մեթոդների հետ կապված՝ որքան տեսակետներ լսել եմ փորձագետներից, այսպես ասած, լուրջ ապագա չեն կանխորոշում, ունենք այն, ինչ ունենք, իսկ ունենք ցավալի ու խայտառակ մի փաստաթուղթ»,- եզրափակեց Ռուբեն Մելքոնյանը։