Յուրի Խաչատուրովին ակնարկել են, որ ինքն անելիք չունի

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը երեկ ֆեյսբուքյան գրառմամբ դիմել էր դիվանագետներին և զինվորականներին՝ հորդորելով խոսել և պատմել իրականությունը:

«Հիմա՛, հե՛նց հիմա, ձեր կյանքի նվիրումը, ձեր աշխատանքը, ձեր կարիերան Նիկոլը զրոյացրեց ու ձեզ դարձրեց կապիտուլյացիայի ակտը նախապատրաստած դավաճաններ։ Զորիկ, ես քեզ գիտեմ՝ քո բոլոր ուժեղ և թույլ կողմերով: Մենք հիմա ունենք տարբեր քաղաքական հայացքներ։ Բայց ես գիտեմ՝ դու դավաճան չես։

Մի վերցրու քո և դիվանագիտական ամբողջ կորպուսի վրա դավաճանի խարանը։ Հրաժարական տուր։ Խոսիր: Պատմիր, թող ժողովուրդը իմանա: Պատմի, որ ներվես։

Հարգելի՜ սպաներ, Դուք չեք պարտվել: Նահանջը դեռ պարտություն չէ: Թշնամին չէր կարող գրավել հանձնածը: Տղերք, պատվի հարց է, խոսե՛ք։ Պատմեք, ոնց Նիկոլն անձամբ մերժեց գեներալ Խաչատուրովի և իր զորքի՝ առաջխաղացման պլանը, որը կփրկեր Շուշին:

Պատմեք, որ Վիտալի Բալասանյանն իր ջոկատով պատրաստ էր ստանձնել Շուշիի պաշտպանությունը, բայց Նիկոլն արգելեց: Խոսեք, թե ոնց էր Նիկոլի կինը շտաբում վարչապետի անունից արգելում ներգրավել գեներալներ Օգանովսկուն և Լևոն Մնացականյանին մարտական գործողություններում, և ինչ գնով նրանք հասան այդ նպատակին»,- մասնավորապես գրել էր Միքայել Մինասյանը:

168.amը թեմայի վերաբերյալ փորձեց մանրամասներ ճշտել գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովից, քանի որ պատերազմի առաջին օրերից սկսած՝ մի քանի անգամ անդրադարձել էինք գեներալ-գնդապետի այդ օրերի գործունեությանը:

Մեր հարցին ի պատասխան՝ Յուրի Խաչատուրովը, սակայն, չցանկացավ փակագծեր բացել:

Այդուհանդերձ, 168.am-ին հավաստի աղբյուրներից հայտնի է դարձել, որ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը թե՛ Երևանում, թե՛ Ստեփանակերտում բազմիցս փորձել է մասնակցել հրամանատարական կետերի աշխատանքներին՝ առաջարկելով իր ծառայություններն ու փորձը, սակայն մերժվել է: Նրան ակնարկել են, որ ինքն անելիք չունի:

Հիշեցնենք՝ պատերազմի հենց առաջին օրը Յուրի Խաչատուրովը մեզ հետ զրույցում նշել էր, որ առավոտյան եղել է նախարարությունում, ապա գնացել Գլխավոր Զինկոմիսարիատ:

Երկու օր անց, սակայն, տեղեկացանք, որ որքան էլ զարմանալի է, բայց Գլխավոր շտաբի պետի կողմից չի եղել հանձնարարական, և Յուրի Խաչատուրովը չի մեկնել Արցախ:  Օրեր անց նա արդեն Արցախում էր, թե ինչ հանձնարարականով ու ինչպես է շարունակել մասնակցել պատերազմին՝ հայտնի չէր:

Նկատենք՝ պատերազմի օրերին սոցիալական հարթակներում լայն տարածում էր գտել Յուրի Խաչատուրովի որդու՝ Իգոր Խաչատուրովի լուսանկարն Արցախի առաջնագծից:

Տեսանյութեր

Լրահոս