«Պարոն նախագահ, խնդրում եմ գործեք և առաջնորդեք, ժամանակը ի վնաս մեր պետության է աշխատում». Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարգելի հայրենակիցներ,

Գրում եմ սթափ, գիտակցված և ամեն մի բառիս, մտքիս և հատկապես գործողություններիս համար մեծ պատասխանատվության զգացումով:
Վիճակն իրապես ծայրահեղ օրհասական է: Լուծման հնարավորությունները սակավ, եթե ոչ` մեկը կամ երկուսը:

Լուծման հնարավորություն ունենալու համար, պետք է դրա համար նպաստավոր միջավայր ստեղծվի` միջոց լինի: Այդ հնարավորությունը կարող է ծագել միմիայն այն միջավայրի փոփոխությամբ, որտեղ առաջացել է այս խնդիրը: Սա ենթադրում է այդ փաստաթուղթը ստորագրած և/կամ դրան համաձայնություն տված անձի պարտականությունների դադարեցում: Այդ անձը առաջին հերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է:

Հարգելի պարոն վարչապետ, խնդրում եմ հրաժարական տվեք և իշխանությունը փոխանցեք ՀՀ նախագահին:Վստահ եմ նա կարող է երաշխավորել Ձեր և ընտանիքի անվտանգությունը:

Բոլոր հայրենակիցներիս խնդրում եմ միավորվել երկրի նախագահի շուրջ: Խնդրում եմ վայր դրեք կուսակցական դրոշները, խնդրում եմ ընդունեք Արմեն Սարգսյանի առաջնորդությունը` կիրառելու ներկա վիճակում փոփոխություն բերելու հնարավորությունը: Կրկնում եմ, կա լուծման հնարավորություն: Եթե նույնիսկ այդ հնարավորությունը շատ փոքր է, այն պետք է կիրառել, պետք է փորձել: Իսկ դրա համար, ինչպես արդեն նշեցի, անհրաժեշտ է, որ երկրի վարչապետը խաղաղ հեռանա:

Բոլորը գիտեն, որ ես քննադատաբար եմ մոտեցել (հիմա էլ) Արմեն Սարգսյանի անցյալի գործունեության որոշ դրվագների: Սակայն, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, վստահ եմ, որ այս պահին նա միակ սահմանադրական սուբյեկտն է, որ կարող է համախմբել բոլորիս և իրավիճակը շտկելու փորձ անել:

Խնդրում եմ նրան, ստանձնել այս մեծ պատասխանատվությունը, վերցնել այս բեռը, քանզի սա միակ հնարավորությունն է որևէ բան փոխելու քայլ կատարելու համար:

Վերջապես, հայտնում եմ, որ առանց վերապահման կանգնած եմ իմ ամբողջ կարողությամբ` գիտելիքներով և ունակություններով, նրան այս գործընթացում սատարելու և պատասխանատվություն կիսելու համար:

Պարոն նախագահ, խնդրում եմ գործեք և առաջնորդեք, ժամանակը ի վնաս մեր պետության է աշխատում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30